Սերժ Սարգսյանը ԵԿՄ նախագա՞հ
Որպես Երկրապահ կամավորների միության նախագահ շրջանառվում են Սերժ Սարգսյանի, Սեյրան Օհանյանի, Սեյրան Սարոյանի, Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի անունները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԵԿՄ անդամ Արա Խուդավերդյանը: Վերջինս նույնպես պատրաստվում է դնել իր թեկնածությունը: Սակայն միության շատ անդամներ դեմ են, որ միությունը կառավարվի մեկ անձի կողմից:
«ԵԿՄ-ն պետք է ունենա մեկ նախագահ: Ժամանակին ուտում էր մեկ հոգի, հիմա ուզում են ուտել 7 հոգի: ԵԿՄ-ն մաքուր կառույց էր՝ կռված տղաների արյունով, այսօր այդ մարդիկ պղտորեցին թե այդ արյունը, թե անունը»,- նշում է «Արաբո» հատուկ նշանակության ջոկատի հետախուզության պետ Մկրտիչ Թադևոսյանը:
Նա նաև անդրադարձավ Արամ Սարգսյանի թեկնածությանը:
« Վազգեն Սարգսյանի կոչով ես պատրաստ էի մեռնելու, բայց Արամ Սարգսյանն ինքն է ասում՝ իրենից ինչ երկրապահ: Եթե մի մարդ պատերազմի դաշտում չի եղել, չի հասկանում այդ գործից, այդ մարդը գա ի՞նչ անի: Ես իրեն չեմ տեսնում նախագահ, ես իրեն կտեսնեմ նախագահ, երբ ամեն ինչը թողնի գա, ընտիր նախագահ կլինի»,-ասաց նա:
ԵԿՄ Արաբկիրի տարածքային բաժանման նախկին նախագահ Գագիկ Դավթյանն էլ կարծում է, որ միությունը, որպես կառույց, պետք է մնա և ինքնամաքրվի:
«Այսօր այնպիսի մարդիկ են եկել հավաքվել միությունում և ակտիվ գործունեություն են ծավալում, որոնք երկրապահից ընդհանրապես տեղյակ չեն։ Այն պետք է համալրվի բանակից նոր զորացրվածներով»,-նշեց Դավթյանը: