Շարունակվում է Հայաստանի բռցքամարտի առաջնությունը
”Դինամո” մարզադահլիճում շարունակվում է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Մրցումային երկրորդ օրը ասպարեզ դուրս եկան 56, 75,81,91 եւ +91կգ քաշային կարգերի մարզիկները:
56 կգ քաշային կարգում հաղթանակ տոնեցին եւ հաջորդ փուլ անցան Հենրիկ Մոքոյանը, Վահան Սարգսյանը, Էռնեստ Նազարյանը եւ Արթուր Մովսիսյանը: 75 կգ քաշային կարգում հավասարը չունեին Գոռ Ջեւելիկյանը, Սերգեյ Սարգսյանը, Արման Դարչինյանը եւ Վահե Էլոյանը:
Համեմատաբար առավել դիտարժան եւ լարված մենամարտեր ստացվեցին 81 կգ քաշային կարգում : Համառ պայքարում անցավ հատկապես Արաբկիրի մարզադպրոցի սան Գոռ Հակոբյանի եւ Արարատ քաղաքը ներկայացնող Տիգրան Արմենակյանի մենամարտը:
Ի վերջո դժվարին պայքարում հաղթանակ տոնեց Արմենակյանը: Այս քաշային կարգում հաղթանակ տոնեցին նաեւ Նիկոլ Հարությունյանը եւ Ռուսլան Իբրահիմյանը: 91 կգ քաշային կարգում Լոռին ներկայացնող Արամ Իքլիմյանը բացահատ առավելությամբ հաղթեց Ազատ Դավթյանին: Ռազմիկ Հարությունյանը առավելության հասավ Վահրամ Զոհրաբյանի, Ռազմիկ Հակոբյանը Կարեն Հակոբյանի նկատմամբ: Այս քաշային կարգի վերջին մենամարտում Շիրակի մարզը ներկայացնող Հենրիկ Սարգիսյանը առանց մեծ դժվարության պարտության մատնեց Վադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի սան Անդրանիկ Հակոբյանին:
Գերծանր քաշային կարգում գրանցվեց այս մրցումների առաջին նոկաուտը: Հայաստանի մարզական միությունը ներկայացնող Արկադի Հարությունյանը նոկաուտով հաղթանակ տոնեց Վաղթանգ Մկրտչյանի նկատմամբ, Աղասի Մեհրաբյանն էլ հաղթեց Նարեկ Մելքոնյանին:
Այսօր ՝ փետվարի 28-ին, որոշ քաշային կարգերում կկայանան կիսաեզրափիչ հանդիպումները: Մրցումների սկիզբը 14:00-ին:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն