Գազը կանջատեն` ռուսներին պիտի վճարել
“Մինչեւ հիմա ընդառաջում էինք, հիմա էլ չենք սպասելու, մուծեք, կարգադրել են անջատել գազը, 2 օր ժամանակ ունեք”,-նման կոչ են անում գազի հսկիչները բնակիչներին: Ինչպես նշեցին սպառողները Henaran.am-ի հետ զրույցում, չնաած պարտքերին, մինչ օրս նախադեպ չի եղել, որ չվճարման դեպքում գազամատակարարումը դադարեցվի: Մինչդեռ հիմա արդեն առաջվանը չէ:
“Գուցե մտածեցին ցուրտ ա, մեկ ա ուր ենք փախնելու, պիտի մուծենք էդ ռուսների փողը”,-նշեցին մեր զրուցակիցները:
Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում “Գազպրոմ Արմենիա” ընկերության մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը, ընկերությունը առաջնորդվում է սպառողի հետ կնքած պայմանագրի կետերով: “Պայմանագրում հստակ ամրագրված է, թե կենցաղային գազ սպառող բաժանորդի գազամատակարումը երբ եւ ինչպես է դադարերցվում”,-ասաց նա:
Ըստ այդ պայմանագրի, բաժանորդը սպառած գազի համար վճարում է վճարման փաստաթղթում նշված ժամկետի ներկայացման ամսաթվին հաջորդող 7 օրվա ընթացքում: Եթե այդ ժամկետում չի վճարում, ապա գրավոր հիշեցվում է բաժանորդին եւ նախազգուշացվում գազի պարտքի մասին:
“Նախազգուշացումից երեք օրից հետո վճարում չլինելու դեպքում դադարեցվում է գազամատակարարումը”,-ասաց Շուշան Սարդարյանը՝ ավելացնելով, որ հավաքագրված գումարներով է վճարվում ռուսական կողմին: