25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Խորհուրդ բոլոր «дух» փնտրողներին

Սիրելինե՛ր, մի՛ հաւատացէք ամէն մի հոգու, այլ փորձեցէ՛ք հոգիները, թէ արդեօք Աստծո՞ւց են… (Ա Յովհ. Դ 1)

Կրթութիւնը հոգեղէն արժէք է: Ինչպէս մարմինն առանց հոգու անկենդան է, այնպէս էլ կրթութիւնն առանց հոգու՝ ցաքուցրիւ գաղափարների եւ թափթփուած մասերի անկենդան իրողութիւն է: Կրթութեան հոգին կամ այսօր նոր հնչեղութիւն ստացած «дух»-ը յայտարարն է ազգային ինքնութեան եւ հոգեւոր իդէալների: Միայն այդ հոգու առկայութիւնն է, որ կարող է ներշնչել մարդկանց, տանել նրանց վերափոխման հաւատքի ճանապարհով, տալ ապրելու եւ խիզախելու բարոյական հիմք, դարձնել նրանց ընդմիշտ սովորողներ, ստեղծողներ, դէպի նորն ու անբացայայտը գնալու առաջամարտիկներ:

Ե դարում հոգեղէն կրթութեան հիմքը դրել են մեր սբ Թարգմանիչ հայրերը: Նրանք ստեղծել են իր նախադէպը չունեցող կրթական շարժում եւ ազգային դպրոցի գաղափար` վերցնելով լաւագոյնը եւ մշակելով սեփականը, արածի մէջ սեփական ինքնութեան հոգին դնելով եւ փոփոխականի մէջ յաւիտենականը պահպանելով, բաց լինելով մարդկութեան հանդէպ եւ սեփական արժէքներն ամուր պահպանելով:

Նրանք անհոգի պատճէնահանումներով չեն զբաղուել, վերցրել են համամարդկայինը եւ մարդկութեանը նուէր տուել մի աներեւակայելի գեղեցկութեան մշակոյթ, ներշնչուել են լաւագոյնից եւ աւելի լաւը կերտելու ներշնչանք դարձել, դրել են ամուր հոգեւոր հիմքեր եւ դրանով ապահովել մեր ազգային շարունակականութիւնը հազարամեակներով:

Տալու համար պէտք է ունենալ: Եթէ կրթութիւնն իր էութեամբ հոգեւոր առաքելութիւն է, ուրեմն տալու համար պէտք է հոգու կրիչ լինել: Իհարկէ, նաեւ տալու արուեստին է պէտք տիրապետել: Բայց առանց հոգու ոչ մի արուեստ չի օգնի: Եթէ մենք գիտենք, որ տունը պէտք է ունենայ հիմք, պատեր եւ սիւներ, սա դեռ չի նշանակում, որ դարձանք ճարտարապետ: Եթէ մենք գիտենք, որ ճաշն ունի այս կամ այն բաղադրիչը, սա դեռ չի նշանակում, որ մենք խոհարար ենք: Եթէ սա չենք հասկանում, մեր շինութիւնները փլուզուելու են եւ մարդիկ մեր եփած ճաշերը չեն ուտելու: Խօսել ժամանակակից հմտութիւններից դեռ չի նշանակում, որ հասկացանք կրթութեան հիմնահարցը, խնդիրը փակուեց: Գրւում են անհոգի արտագրութիւններով կրթական ծրագրեր, եւ ուսուցիչներն անգամ չեն կարդում այդ ծրագրերը: Ինչո՞ւ: Որովհետեւ հոգեզուրկ են, դրանք կարդալ եւ իրագործել հնարաւոր չէ: Հիմայ նորից հերթական խաբկանքներ չստեղծենք: Չի աշխատելու: Մենք պէտք է կենտրոնանանք ոչ թէ ծրագրերի վրայ, այլ ձգտենք հասնելու կրթութեան հիմնահարցի վերաբերեալ ազգային համաձայնութեան: Պէտք է յստակեցնենք մեզ միաւորող ազգային արժէքներն ու իդէալները եւ դրանց վրայ կառուցենք մեր կրթական համակարգը:

Մեր հիմքերն ու տեսլականը ճշտելուց յետոյ մեզ պէտք կը լինի կրթութեան մի աւետարանական հռչակագիր, որը կը ներշնչի կրթութեան սպասաւորներին, որը կ՚ազատականացնի մեր կրթական համակարգը, կ՚ամրագրի սերնդակերտման պատասխանատւութիւնը, կը բացի ստեղծարարութեան եւ նորարարութեան շունչը, կը ստեղծի սովորելու՝ մեր ստեղծագործ ակունքներին եւ այս դարաշրջանին համապատասխան մշակոյթ: Միայն սա անելուց յետո՛յ կարելի է խօսել ազգային կրթական ծրագրի մասին, որն ըստ էութեան կը լինի այդ հռչակագրի իրականացման տեխնիկական փաստաթուղթ եւ ոչ աւելին:

Ֆիննական մոդելից ենք խօսում` ընկնելով չափազանցութեան անդաստանները: Որովհետեւ պէտք են լեգենդներ: Նախ` այն, ինչ Հայաստանում խօսւում է այդ համակարգի մասին, խիստ ուռճացուած է գոնէ որակական առումով: Երկրորդ` այդ համակարգը հնարաւոր չէ պատճէնել, որովհետեւ այն հիմնուած է այդ ժողովրդի հաւասարութեան, համբերութեան, երկարաժամկէտ մտածողութեան, մէկը միւսին վստահելու իւրայատուկ մշակոյթի վրայ: Այստեղ, անշուշտ, սովորելու բան ունենք: Այս ամէնով հանդերձ պէտք է նկատի ունենալ, որ անգամ նկատելի կրթական արդիւնքներ արձանագրած ժողովուրդներն այսօր խոցելի են դարձել արժէքների եւ բարձր մտածողական հմտութիւնների տեսանկիւնից: Որովհետեւ միգուցէ բաց են թողել ամենակարեւորը` հոգին:

Եթէ ուզում ենք, որ այս յեղափոխութիւնը յաջողուի եւ ժողովուրդն իսկապէս յաղթի, պէտք է պատրաստ լինենք շարունակական յեղափոխութեան, ամենօրեայ վերափոխման, արժէքների ամրագրման եւ բարոյական պայծառակերպման: Պէտք է սկսել կրթութիւնից եւ հասկանալ, որ կրթութեան ամենամեծ թշնամին միջակութեան հոգին է: Առանց յաւակնութիւնների, բարձր իդէալների, լաւագոյնին ձգտելու՝ կրթութիւնն իմաստ չունի: Կարիք չկայ կրթութեան իրաւունքի, հաւասարութեան եւ հասանելիութեան ծեծուած եւ անվիճելի ճշմարտութիւնների մասին անընդհատ խօսելով` շեղել մարդկանց ուշադրութիւնը: Կրթութեան կարեւորագոյն նպատակը որակ ստեղծելն է, մրցունակ եւ հոգեպէս առողջ ազգ դառնալն է այս խիստ մրցակցային եւ մարտահրաւէրներով լի աշխարհում:

Նորից վերադառնանք հոգուն: Պէտք է մեր հոգին կամ «дух»-ն ունենանք, որ «дух»-ով լինենք: Եթէ «дух» ունես, այլեւս «дух»-ից չես խօսում, այլ գործ ես անում, ինչը յայտարարն է հոգու: Թէ չէ անընդհատ դա կրկնելուց դրա պակասութեան կամ բացակայութեան տպաւորութիւն կարող է ստեղծուել: Բայց կարեւորը հոգու բնոյթն է: Աստուած մի՛ արասցէ՝ ուրիշների «дух»-ով կամ այլ «дух»-երով շարժուենք առաջ, ինչից զգուշացնում է Յովհաննէս առաքեալը: Հայերիս հոգին ազգային է եւ քրիստոնէական: Այն սիրոյ եւ արարման, բայց նաեւ ճշմարտութեան իւրայատուկ վկայութեան եւ պայքարի հոգի է: Ես փորձեցի թարգմանել մեր սուրբ Թարգմանիչների աւանդի իմաստը: Խորհուրդ եմ տալիս բոլոր «дух» փնտրողներին վերադառնալ մեր ազգային եւ հոգեւոր ակունքներին, որպէսզի շարունակենք մեր նախնեաց հոգեղէն գործը, իմաստ ու էութիւն դնենք մեր կեանքի մէջ:

Տեր Մեսրոպ քահանա Արամյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ