Մալաքյանը հանդես կգա ”Ժալգիրիսում”
”Բանանցը” շարունակում է նախապատրաստվել մրցաշրջանի վերսկսմանը Անթալիայում: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Թիմի կազմում արդեն փորձաշրջան են անցել երեք ֆուտբոլիստներ, որոնցից երկուսը՝ Նեյլ Յադոլահին և Մարկոս Վինիցիուսը չհամապատասխանեցին ”Բանանցի” մարզիչների պահանջներին: Առայժմ թիմի կազմում շարունակում է մարզվել ծագումով նիգերիցի եւ ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեցող Կիռան Նվաբուեզեն:
”Բանանցը” Հայաստան է վերադառնալու փետրվարի 23-ին, իսկ առաջնության 15-րդ տուրում՝ մարտի 1-ին ընդունելու է ”Արարատին”: Պարզ է դարձել նաեւ այն, որ ”Բանանցի” կազմում մրցաշրջանի երկրորդ մասին չի մասնակցի Էդգար Մալաքյանը: Ֆուտբոլիստի հետ ”Բանանցը” խզել է պայմանագիրը: Մալաքյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են չեխական ”Վիկտորիա” ակումբին, որն էլ իր հերթին համաձայնություն է տվել, որպեսզի Մալաքյանը հանդես գա ”Ժալգիրիսում”: Մալաքյանը հունվար ամսին վնասվածքի պատճառով չի մասնակցել ”Բանանցի” ոչ մի մարզմանը: Հիշեցնենք, որ ”Բանանցից” հեռացել է նաեւ սլովակ պաշտպան Լյուբոշ Հանցելը, ում հետ պայմանագիրն ավարտվել է հունվարի 1-ին: