”Արդյոք նախարարները հրաժարական կտան”
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը կարծում է, որ Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքում թոշակների չվճարման համար կիրառվող սանկցիաները համարժեք են հարկերը չվճարելու տուգանքներին:
”Եթե գործատուն չի իրականացնում պարտադիր վճարները, Կուտակային կենսաթոշակի չվճարելու խստությունը համարժեք է հարկերը չվճարելուն, այսինքն՝ կուտակայինը հարկի նման մի բան է դարձել”,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մակարյանը: Նրա խոսքով` արդեն իսկ աշխատանքից ազատելու միտում է նկատվում:
”Արդեն Աշխատանքից ազատելու տենդենց կա, և եթե այդ տենդենցը շարունակվի, հարց է առաջանում, թե արդյոք նախարարները հրաժարական կտան”,-նշեց Մակարյանը` ավելացնելով, որ որոշ գործատուներ հիմա վճարում են, մի մասն այն պատճառով, որ ընդգրկված են պետական համակարգում, մի մասը պատգամավորական մանդատից ելնելով:
Նա նաև վստահ է, որ եթե ՍԴ-ը չկասեցնի օրենքի կիրառումը, ապա ստեղծված վիճակից դուրս գալու համար փոքր ու միջին բիզնեսը ճկունություն կդրսևորի, արդյունքում գործազրկությունը կավելանա, ստվերը կմեծանա: