՛՛Օրորոցում կխեղդի՞՛՛
Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը վերլուծում է քաղաքական վերջին իրադարձությունները:
”ԲՀԿ համագումարում կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ելույթը դասական առումով ծրագրային չէր, ու եթե մի կողմ դնենք հասարակությանը ”շոյող”, քաղաքացու հոգսերը սեփական ուսերի վրա տանելու պատրաստակամության մասին հավաստիացումները, ապա, իրականում, այդ ելույթի առանցքային դրույթը կուսակցական բարեփոխումների հարցն էր:
Կուսակցական բարեփոխումների հարցն ակտուալ է ոչ միայն ԲՀԿ-ի, այլև մնացած քաղաքական ուժերի համար, սակայն, մյուս տեսանկյունից, դեռևս պարզ չէ, թե ինչ բարեփոխումների մասին է խոսքը, որն է դրա հիմնական էությունը և վերջապես, ինչ իրական վերջնարդյունք են ակնկալում կուսակցության ղեկավարները բարեփոխումների գործընթացից:
”Քաղխորհրդի անդամներ, ավագանու անդամներ, ձեր աշխատատեղը ոչ թե տաք ու հարմարավետ սենյակներն են, այլ փողոցները, բակերը, դահլիճները, որտեղ կհավաքվեն մարդիկ` իրենց խնդիրները բարձրացնելու համար”, իր ելույթում նշել է Գ. Ծառուկյանն ու այս համատեքստում շեշտել, որ ”այս համագումարով մենք դնում ենք կուսակցության բարեփոխումների նոր հիմքը, որի նպատակը լինելու է վերը նշված խնդիրների լուծումը”:
Մեկ բան ամեն դեպքում ակնհայտ է. քաղաքական ելույթների կոշտացմամբ, լայն քաղաքական–հասարակական կոնսոլիդացիայի կոչերով, ինչպես նաև` կուսակցական բարեփոխումների անհրաժեշտության մասին բարձրաձայնելով ԲՀԿ-ն պատրաստվում է 2017-18 թվական ընտրական ցիկլին:
Մեկ կարևոր գործոն կա, որ այդ ճանապարհին ԲՀԿ-ն անկասկած օգտագործելու է. դա այն է, որ հասարակության մի լայն զանգվածի մոտ ԲՀԿ-ն ասոցացվում է որպես իշխանական ուժ, որից կտրուկ գործողություններ չեն ակնկալվում: Դրան նպաստում է նաև այն հանգամանքը, որ ԲՀԿ-ն մինչ այժմ չի հայտարարել ընդդիմադիր դաշտում դիրքավորվելու մասին, ինչը կուսակցությանը քաղաքական դաշտում ինտրիգը պահպանելու հնարավորություն է տվել:
Սակայն չի բացառվում, որ քաղաքական գործընթացների մի կարևորագույն փուլում, ԲՀԿ-ն կօգտվի տարիներ շարունակ իր դեմ աշխատող` իշխանության հետ ասոցացվող ուժի կարգավիճակից ու կփորձի ամբողջական իշխանությունը վերցնելու ճանապարհ բռնել:
Ժամանակը ցույց կտա, թե արդյոք ԲՀԿն կօգտվի՞ իրեն տրված հնարավորությունից կամ ճիշտ ժամանակին ճիշտ տեղո՞ւմ կլինի, սակայն այս ողջ պրոցեսում ոչ պակաս կարևոր է նաև քաղաքական մեծամասնության` ՀՀԿի արձագանքը նոր իրավիճակին ու նոր մարտահրավերներին:
ԲՀԿն քաղաքական երկրորդ ուժի կարգավիճակ ունի ու նրա մեծ ու փոքր քայլերը չեն կարող աննկատ մնալ, այս իրավիճակում դեռ պարզ չէ, ՀՀԿ-ն կփորձի ”օրորոցո՞ւմ խեղդել” ամբողջական իշխանության ”շտուրմ” նախագծող քաղաքական ուժերի պայքարը, թե՞ ուշադիր հետևելով իրադարձությունների ընթացքին՝ կգնա լոկալ մարտերի ճանապարհով` վճռական մարտը վարելու 2017-18 թվականների ընտրական ցիկլի շրջանակներում”: