21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

”Փողերդ են պրծել”

”Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այսօպրվա հանրային հանդիպումից ու կոչրից հետո ակտիվ քննարկումներ են սկսվել Facebook սոցիալական ցանցում: Ներկայացնում ենք մի քանի օգտատերերի տեսակետներ:

Գեղամ Ասլամազյանը գրել է. 

”Այս օրը օրացույցում կարելի է նշել որպես հայ քաղաքական դիակների վերակենդանացման կամ, ավելի շուտ, որպես վերակենդանանալու խղճալի փորձերի օր: Րաֆֆին և Հայրիկյանը այսօր խոսեցին: Գարունները մեզ մոտ միշտ են էսպիսին լինում: Հաճելի արևի ջերմության հետ նաև քաղաքական լիքը աղբ ու զիբիլ են իրենց հետ բերում: Միշտ էդպես է: Բնության մեջ կատարյալ լավ կամ կատարյալ վատ բան չես գտնի: Թող, որ այս բաղձալի գարնան վատ մասն էլ նրա պոչից կպած դիակները լինեն: Կհարմարվենք:

 Հայրիկյանը ու իր տարածած ռուսական իմպերիալիզմի ամենազորության մասին հիվանդագին մտքերը, կարծում եմ, ”պադդերժկա” ստանում են միայն Դավիթաշենի ձոր 1 թաղամասում՝ այն էլ մի քանի հավերի, հավատարիմ շան և մեկ խոզի կողմից: Ուստի, նրա մասին, ձեր թույլտվությամբ, եկեք հրաժարվեմ խոսել: Իսկ այ Րաֆֆու ելույթը չեմ ալարել ու լսել եմ: Ի՞նչ նոր բան ասաց: Ոչ մի նոր բան: Էլի նույն անհետաքրքիր լոլոները՝ քըխ իշխանությունների, դարերի խորքից եկող հպարտ հայ ազգի վեհության, միավորման ու նման ոճի այլ բաների մասին: Տեսնես ի՞նչ է ուզում պրն. Ռափիկը՝ 1 տարի թրև գալուց հետո: Ասում ես՝ կարոտել ես հա՞: Իսկ արի կասկածս հայտնեմ, որ փողերդ են պրծել, ու նոր տերերից հրահանգներ ու բեհ ես ստացել: Ասում ես՝ միտինգներ ես հա՞ անելու: Գոնե հասկանո՞ւմ ես՝ քեզ տված վստահության քվեն ոնց ես մաշել այս մի տարվա ընթացքում: Նոր տերե՞րդ էլ են հասկանում: Բոլոր հավաքներիդ եկել եմ, Ռափիկ: Այս մեկի՞ն էլ կգամ, էլի քեզ կվստահե՞մ: Չէ, ախպերս, չկպավ: Զգացմունքներիս հետ չեմ թողնելու՝ խաղաս: Դու էլ գիտես, որ ոչ ոք չի գալու ու բավական հետաքրքիր եզրույթ ես ներմուծում, որի վրա հետո կհիմնվես: Ասում ես՝ կարևորը ոչ միայն քանակն է, այլ նաև որակը: Լավ էլի, Ռափիկ: Չես պատկերացնի, թե ինչքան հավեսդ չունեմ: Սսկվի՛ր”:

Վազգեն Ղազարյանը ևս քննադատում է Հովհաննիսյանին.

”Քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՀՀ նախագահական ընտրություններից մեկ տարի անց, հանդես եկավ, այսպես կոչված, Ազգային տարեկան ուղերձով։ Ես կզարմանայի, եթե Րաֆֆին ինչ-որ օրիգինալ անվանում չհորիներ իր ելույթի համար: Փորձեմ հակիրճ ասել, թե ինչ չտեսա այս մեկ ժամվա ելույթի ժամանակ: Չտեսա ո՛չ ընդդիմության առաջնորդի, ո՛չ էլ, ինչքան էլ ցավալի լինի, այլընտրանք ներկայիս իշխանություններին: Հիմա ասեմ, թե ինչ տեսա կամ էլ լսեցի այս մեկժամյա ելույթի արդյունքում: Տեսա դեմագոգ, պոպուլիստ և օդի մեջ խոսացող մարդու:

Այս ամբողջ ելույթի մեջ ես ոչ մի հստակ ուղերձ չլսեցի, քանի որ ոչ մի հստակ ուղերձ այդպես էլ չեղավ: Այս ամբողջ մոնոլոգի ընթացքում նախագահի նախկին թեկնածուից մենք լսում էինք ինչ-որ հայտնի մարդկանցից վերցված մեջբերումներ: Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ ներկա եմ ինչ-որ աղանդավորական հավաքի, և այդ կրոնական խմբավորման ”հովիվը” քարոզչություն է կարդում իր հոտի համար: 

Տեսեք, Րաֆֆին պարզապես արձանագրում էր վերջին մեկ տարվա ընթացքում իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը և քննադատում դրանք: Ախր քննադատելիս էլ ես ոչ մի հստակ հակափաստարկ այդպես էլ չլսեցի, ախր այնպես էլ չէ, որ հնարավոր չէր ներկայացնել, պարզապես Րաֆֆիից անձամբ ես դա չլսեցի: Ելույթի ընթացքում անընդհատ ասում էր, որ ”ժողովուրդը պետք է վերահաստատի իր իշխանությունը”, ”մենք կմշակենք մեխանիզմներ, որ այլևս հնարավոր չլինի խլել ժողովրդի ձեռքից իր իշխանությունն ու արժանապատվությունը”, և շարունակում էր իր ելույթը նմանատիպ այլ ամպագորգոռ խոստումներ և կոչեր անելով, բայց թե կոնկերտ ի՞նչ քայլեր էր պատրասվում անել այդ ամենին հասնելու համար, այդպես էլ չասաց` վերջում միայն ասելով, որ առաջիկայում լինելու է մամուլի ասուլիս, որի ժամանակ նա կպատասխանի բոլորի հարցերին: Այսինքն, մեկ տարի չերևալ հանրության աչքերին, վերադառնալ, սիրտդ ”թեթևացնել” և գնալ: Հետաքրքիր ”ռազմավարություն է”, բան չունեմ ասելու: Բայց դե ինչ արած, այս մարդն էլ այսպիսին է, ամեն դեպքում Րաֆֆիից սպասելի էր նման էքսցենտրիզմ, բայց այ մեկ ուրիշ բան, որը նա թույլ տվեց, ինձ համար սպասելի չէր, և նույնիսկ անթույլատրելի էր:

Գիտեք ինչ, կարելի է քննադատել իշխանություններին, ասեմ ավելին, նորմալ է քաղաքականության մեջ սոցիալական ”բարենպաստ” իրավիճակից օգտվել և փորձել տարբեր քաղաքական որոշումներ շահարկել, բայց ինձ համար անընդունելի է, երբ շահարկվում և բացահայտ կեղծիքներ են տարածում մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունեցող մեր բանակի մասին: Շատ անգամ դա արվում է` մանիպուլացիայի ենթարկելով բանակում առկա միջադեպերի և զոհերի թվերը: Այ սա իսկական անբարոյականություն է: 

Իր ելույթում, փորձելով հնարավորինս բացասական ֆոնի ներքո ներկայացնել ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունն ու գործունեությունը և մատնանշել նրանց ձախողումները, Րաֆֆին իր խոսքում ասաց, որ բանակում գնալով ավելանում են միջադեպերի և զոհերի թվերը և, որ իշխանությունները օգտագործում են մեր սահմանին կանգնած զինվորներին սեփական շահերին ծառայեցնելու համար: Ախր ինչո՞ւ եք, պարոն Հովհաննիսյան, այդքան իջնում: Ինչպե՞ս կարելի է շահարկել մի բան, որը շահարկման ենթակա չէ: Ո՞վ կարող է ասել, որ մեր բանակում այսօր չեն լինում միջադեպեր, բայց խոսել այդ թվի շարունակական ավելացման մասին, իսկական անբարոյականություն է: Ամո՛թ է: 

Ես խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ և թող հանկարծ սխալ կարծիք չձևավորվի, որ ես իշխանամետ եմ, կամ էլ փորձում եմ ծառայել ինչ-որ մեկի շահերին, քանի որ պակաս թքած չունեմ ներկայիս իշխանությունների վրա և այս մարդկանց քննադատելու համար այնքան առիթ ու հիմք կա, որ ոչ մի Րաֆֆի իրենց չի հասնի, սակայն, կարծում եմ, որ մեր դժբախտությունը այն է, որ մենք ոչ միայն կարգին իշխանություններ չունենք, այլև` ընդդիմություն: Ցավը հենց այստեղ է, որ շուրջդ նայելով, այլընտրանք չես տեսնում: Հուսով եմ, որ մինչ առաջիկա համապետական ընտրություններ, առաջ կգան նոր ուժեր, նոր ասելով, նկատի ունեմ նոր որակներ, որոնք կկարողանան ձեռնոց նետել այսօրվա, այսպես ասած, քաղաքական էլիտային և դուրս կբերեն մեզ այս ամոթալի վիճակից”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ