Ով ում փոխեց
”Մարտի մեկին ով էլ անի, չանի, բոլոր մարդիկ, ովքեր հասկանում են, թե ինչ կատարվեց այդ օրը, ինչ հանցագործություն ու անօրինականություն էր, որի հանգամանքները հիմա պարզված չեն, բոլորը կլինեն հրապարակում, կլինեն ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկն իրենց կանչում է, հատկապես այդ կանչող մարդիկ ընդամենը փոքր մասն են կազմում այն ընդհանուր շարժման, ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ, ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը` ի պատասխան հարցի, թե արդյոք ներկա կգտնվի մարտի մեկին Ազատության հրապարակում, որտեղ ՀԱԿ-ը հանրահավաք է հրավիրել:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, նրան, թե ինչու 2008 թ-ի մարտի 1-ին չհաջողվեց իշխանափոխություն անել, ապա Իգիթյանն այս մասին խոսելիս մեջբերեց ՀԱԿ առաջնորդին. ”Օգտագործեմ մի դրվագ հենց Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթներից, որտեղ որ ինքն այլ թեմայով խոսելիս ասում է` ”եթե մեկը փորձում է ինձ հետ վիճել, թող արդյունքին նայի”, ինքը մայդանի մասին էր խոսում, և ասում է` ”եթե արդյունքը բացասական է, ուրեմն քայերը սխալ են”:
Եթե մենք նայենք արդյունքի տեսակետից, որ 7 տարի որևէ արդյունք չեղավ, և նպատակին չհասավ այդ ահռելի, մեծ ժողովրդի մասսայական շարժումը, ուրեմն քայլերը սխալ էին”:
Հարցին, թե ինքն էլ է ինչպես նախկին ՀԱԿ անդամներ համարում, որ շարժման հետագա քայլերից ամենամեծ սխալը ԲՀԿ-ի հետ համագործակցություն էր, Իգիթյանը պատասխանեց` կրկին ցիտելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Իգիթյանը հիշեցրեց, որ Տեր-Պետրոսյանը, խոսելով բուրժուադեմոկրատական հեղափոխության մասին, նշել էր, որ բուրգից մեկ օլիգարխ պոկելով նրանք կթուլացնեն իշխանությանն ու կհասնեն իշխանափոխության:
”Իմ կարծիքով` ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանն է Գագիկ Ծառուկյանին բուրգից հանել, այլ հակառակը` Գագիկ Ծառուկյանն է իր հզորությամբ ՀԱԿ-ին հանել ընդդիմության շարքերից”:
Դիտարկմանը, թե մամուլւ գրեց, որ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով է ՀԱԿ-ը համագործակցություն սկսել ԲՀԿ-ի հետ, Իգիթյանն արձագանքեց, որ ինքն իր տեղեկություններն ունի, մամուլի այդ հրապարակումներին ևս ծանոթ է:
”Եթե իրոք այդպես է, եթե Գագիկ Ծառուկյանը ”առել է” այս քաղաքական ուժը ֆինանսական առումով, հաշվի առնելով որ նա բիզնեսմեն է ու լավ բիզնեսմեն, պետք է համարենք, որ եթե ինչ-որ մեկը վաճառվում է, ապա պետք է ”առնես” ”,-եզրափակեց ՀՀՇ անդամը: