Սերժ Սարգսյանի ե’ւ խոսքը, ե’ւ գործը մշտապես ուղղված են հանրության համախմբմանն ու համերաշխությանը. Հերմինե Նաղդալյանը հակադարձում է Նաիրա Զոհրաբյանին
Սերժ Սարգսյանի Քաղաքաշինության նախարարությունում հնչեցրած ելույթից հետո ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը շտապեց բարձրաձայնել, թե նախագահի ելույթի մեջ տեսնում է «սահմանարար, բաժանարար գծեր»՝ իշխանության և արտախորհրդարանական ու խորհրդարանական քաղաքական ուժերի միջև, և որ իրենք զբաղված չեն սևացնելով, այլ պարզապես խոսում են փաստերով: Հնչեցրած մտքերին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը այսպես հակադարձեց.
« Կարծում եմ բացարձակ դեմագոգիա կարելի է որակել Նաիրա Զոհրաբյանի մտքերն այն մասին, թե նախագահ Սերժ Սարգսյանը բաժանում է հանրությունը «մենք» – ի և «դուք»-ի, կամ բաժանարար գծեր է դնում: Հավատացած եմ, որ ողջ հանրության համար պարզ է և տեսանելի , բացի հիշողությունը կորցրած անձանցից, ովքեր մոռանում են, որ Սերժ Սարգսյանն այն գործիչն է, ում և՛ գործը և՛ խոսքը մշտապես ուղղված են եղել հասարակության մեջ համերաշխության կայացմանը, հանրության համախմբմանը և կոնսոլիդացմանը, և այդ մոտեցումը վերաբերել է ինչպես քաղաքական դաշտին , այնպես էլ ողջ հասարակությանը: Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարումն սկսել և շարունակել է սիրո, եղբայրության լոզունգներով և մեսիջներով, քաղաքական դաշտում էլ՝ համագործակցության և համախմբման բացառիկ օրինակներ է դրսևորել, որոնք նորանկախ Հայաստանի քաղաքական պատմության մեջ աննախադեպ են եղել: Եվ այսօր խոսել բաժանարար գծերի կամ սահմանազատումների մասին, իրականում, բառիս ուղիղ իմաստով, անհիմն չարախոսություն է, միաժամանակ վկայություն, որ իսկապես , անտեղի և անհիմն սևացնում ես, թշնամանքով ես լցված, որևէ լավ բան տեսնելու ցանկություն չունես, լավն էլ վատ ես ներկայացնում, ու հետո էլ՝ զարմանում, թե ինչու են ասում՝ սևացնելով ես զբաղված: Բա ի?նչ ասենք, տիկին ջան »: