ԲՀԿ համագումարը` “արագ ռեժիմով”. Հրապարակ
“Հրապարակը” գրում է, որ այսօր մեկնարկող ԲՀԿ համագումարը կտեւի 2 ժամ, տեղի կունենա, ինչպես հրավիրատոմսում է գրված՝ ժամը 11-13-ը՝ գինու գործարանում։
“”Արագ ռեժիմով” ընթացող համագումարին հրավիրվել են ԲՀԿ նախկին նախարարները, պատգամավորական “կորպուսը” լքածները, այդ թվում եւ Վարդան Բոստանջյանը։ Վերջինս, ի դեպ, ներառվել է նաև նոր քաղխորհրդի կազմի մեջ։ Ինչն էլ իր հերթին նշանակում է, որ ԲՀԿ քաղխորհուրդը կպահպանվի, կստեղծվի 16 հոգանոց գործադիր մարմին՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ։
Համագումարին չի հրավիրվել գործող քաղխորհրդի անդամ, ԲՀԿ ֆրակցիայի երբեմնի քարտուղար Արամ Սաֆարյանը։ Դուք դեռ ԲՀԿ անդա՞մ եք՝ հարցրինք նրան։ “Այո, ես կուսակցությունից դուրս գալու դիմում չեմ գրել”։ Ինչու չեն հրավիրել իրենց համագումարին՝ նա չգիտեր, սակայն պնդեց, թե Գագիկ Ծառուկյանի հետ ունի “վստահելի” հարաբերություններ։ Ե՞րբ եք վերջին անգամ հանդիպել։ “Չեմ պատասխանի, դա իմ անձնական հարցերն են”։
Ի դեպ, Արամ Սաֆարյանը ԲՀԿ-ից “հետո” ստեղծել է վերլուծական կենտրոն, եւ հարցին՝ հնարավո՞ր է այդ կենտրոնն ինչ-որ փուլում վերածվի կուսակցության, ասաց՝ ոչ”,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։