Հանրային իշխանությունն ու բիզնեսը պետք է տարանջատել. Ռուստամյանը՝ Խաչատուր Սուքիասյանից
Վաղը ՀՅԴ-ն կքվեարկի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Բայց քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի։ Կարծում եմ, որ եթե ՀՀԿ-ն երկրորդ անգամ էլ հայտարարի մի բան և բոլորովին այլ բան անի, սա արդեն քաղաքական ուժի համար է վտանգավոր»,- նշեց Ռուստամյանը։
Ըստ նրա՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունները չեն բխում ՀՀԿ շահերից։ Նրա կածիքով՝ ՀՀԿ շահերից բխում է, որպեսզի վաղը Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ։ «Սա կլինի միակ ճիշտ լուծումը վաղվա համար: Դրանից հետո կսկսվեն առօրյա աշխատանքները: Երկիրը դնելու ճիշտ ռելսերի վրա սա գլխավոր խնդիրը պետք է լինի այդ նոր կառավարության»:
Հարցին, թե ընտրվելու դեպքում արդյոք կհաստատվի Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը, նա արձագանքեց. «Կարծում եմ՝ բոլոր հնարավոր այլընտրանքները սպառված են, կառավարության ձևավորումից 20-օրյա ընթացքում, եթե անգամ այդ տարբերակով գնան, մերժեն այդ ծրագիրը, նորից նույնը սկսվելու է, եթե վարչապետ չի առաջադրվում, լուծարվում է , չեմ կարծում՝ նորից այս պրոցեսը լինի»:
Հարցին, թե կողմ կլինի այն լուրերի իրական դառնալուն, որ փոխվարչապետի պաշտոնում կարող է առաջադրվել գործարար Խաչատուր Սուքիասյանը, Ռուստամյանը պատասխանեց. «Մենք պետք է գնանք ամենագլխավոր խնդիրներից մեկը լուծելու ճանապարհով, հանրային իշխանությունն ու բիզնեսը պետք է տարանջատել, կոնկրետ որևէ անձի մասին չեմ խոսում, ընդհանրապես մարդիկ, ովքեր բզինեսով են զբաղվում, ի՞նչ ունեն անելու կառավարության մեջ»:
Արմեն Ռուստամյանը նաև ասաց, որ կուսակցությունում Աղվան Վարդանյանին հավանաբար կփոխարինի Ռուզան Առաքելյանը: