Սա ևս PR տեխնոլոգիա է, բայց ոչ նախապես մտածված. Աստղիկ Ավետիսյանը՝ Փաշինյանի կնոջ մասին
«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանի խոսքով՝ ոչ ոք չէր սպասում, որ մի փոքրիկ, հետխորհրդային երկրում կստացվի կարծրատիպեր կոտրել, ու ժողովուրդը կկարողանա իր թեկնածուին առաջադրել վարչապետի պաշտոնում: Այս մասին նա խոսեց այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին: «Ինձ միշտ զարմացնում է, թե որտեղ էին այն մարդիկ, ովքեր չէին ուսումնասիրել, չէին հասկացել հասարակության պահանջը: Չէ որ մենք ունենք հատուկ կառույցներ դրա համար, նրանք պետք է պարբերաբար ուսումնասիրեն հանրության կարծիքն ու հասկանան՝ որտեղ մենք ունենք խնդիրներ»,-նշեց նա:
Աստղիկ Ավետիսյանի խոսքով՝ շատ կարևոր էր այն, որ «Իմ քայլը» շարժման ժամանակ տուն առ տուն էին ակցիաներն իրականանում: «Պետք է հասկանալ, որ որքան հասարակությունը անտեսված է, այնքան դա վտանգավոր է: Եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, լիներ մեկ ուրիշը, հասարակությունն էլի հավաքվելու էր»,-նկատեց նա:
Վերջինս ընդգծեց, որ հասարակությունն այս լիդերին է ընդունում, և եթե նախկինում մենք ունեցած չլինեինք արհեստավարժ պաշտոնյաներ, ովքեր ընդհանրապես համապատասխան չեն եղել, կարող էինք ասել՝ թող Փաշինյանը չլինի վարչապետ, այլ որևէ արհեստավարժ, փորձ ունեցող մարդ:
Աստղիկ Ավետիսյանն առանձնացրեց նաև կարգախոսները՝ «ոստիկանը մերն է», «ազատ, անկախ Հայաստան», «միացիր», որոնք շատ լավ էին ընտրված:
Հարցին, թե արդյոք PR տեխնոլոգիա էր, որ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն էլ ներգրավվեց այս գործընթացներին, բանախոսը պատասխանեց. «Սա ևս PR տեխնոլոգիա է, բայց ոչ նախապես մտածված: Մենք միշտ խոսում ենք հայ ընտանիքի, կնոջ դերի մասին, բայց երբ գործը հասնում է քաղաքականություն, տղամարդիկ իրենց կանանց պահում են ստվերում: Քաղաքականությունը նաև այն տեղն է, որտեղ ընտանիքով ես հանդիպում ու դեմ առ դեմ ես հանդիպում խոչընդոտներին ու փորձում ես հաղթահարել: Կնոջ դերը շատ կարևոր ու հուսալի է: Այդ տեխնոլոգիան նաև օգտագործել է Րաֆֆի Հովհաննիսյանը, Արմինե Հովհաննիսյանը միշտ ամուր կանգնած էր ամուսնու կողքին: Սա էլ կարծրատիպի կոտրում էր»: