Նորմալ տղա է, լավ տղա է, բայց ես պետության ղեկը ստանձնելու տեսակետից խնդիր ունեմ և նրա մոտ նման պատասխանատվություն չեմ տեսնում. Կոստանյան
Ազգային ժողովի հատուկ նիստին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը հիշեցրեց պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության վերաբերյալ խոսակցությունները, երբ ՀՀԿ-ականներն ասել են, որ նա անփոխարինելի է, սակայն ընդդիմադիր գործիչները հակադարձել են. «Հիմա ես սկսում եմ նկատել, որ ասում են՝ եթե Նիկոլը վարչապետ չլինի՝ երկրում վարչապետ չի լինելու, ընդ որում՝ իր խոսքերն էլ են, և երկրորդ՝ եթե Նիկոլը վարչապետ չլինի, ուրեմն երկիրը ճգնաժամից դուրս չի գալու: Ասենք՝ դուք եք անփոփոխելիություն առաջարկում, հարգելի՛ գործընկերներ: Ուզում եմ ասել, որ երբ դիրքեր են փոխվում, ձեր գնահատականն էլ է փոխվում»,-ասաց նա:
Կոստանյանը նշեց, որ հանրահավաքի իրավունքը ՀՀ-ում կա, բայց կոնկրետ ճանապարհ փակելու հետ կապված՝ բազմիցս ասվել է, որ կոնկրետ իրավիճակում ակնհայտ ապօրինի է:
«Մի հատ կարևոր չափանիշ կա, եթե վարչապետի պաշտոնին հավակնող անձը, մինչև վերջ վստահ չլինելով իր գործողությունների օրինականությանը, իրեն հետևորդներին ուղղորդում է կամ չի կանխում ոչ իրավաչափ վարքագիծ իրականացնելուց… սա չափանիշ է, որովհետև պետության ղեկը ստանձնելու հավանականություն ունեցող անձը ոչ միայն պետք է գիտակցի իր գործողությունների բնույթը, այլ նաև ունակ և պատրաստակամ լինի այդ գործողությունների համար պատասխանատվություն կրել: Փաշինյանի հանդեպ անձնական հարգանք ունեմ, նորմալ տղա է, լավ տղա է, բայց ես պետության ղեկը ստանձնելու տեսակետից խնդիր ունեմ և նրա մոտ նման պատասխանատվություն չեմ տեսնում»,- ասաց ԱԺ պատգամավորը: