18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եւ այս շարժումը չի ավարտվելու այս դահլիճում՝ վարչապետի ընտրությամբ. Զոհրաբյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթը վարչապետի թեկնածուի վերաբերյալ.

«Բարգավաճ Հայաստանը» միացել է համաժողովրդական շարժմանը, որովհետեւ այս շարժումը արժանապատիվ հնարավորություն է վերջապես դուրս գալու համակարգային այն ճահիճից, որից վաղուց արդեն անտանելի գարշահոտ էր  գալիս ու այլեւս վերածվել էր  բնապահպանական աղետի։ Որոհետեւ համաժողովրդական այս շարժումը հնարավորություն է վերջապես կոտրելու «Մեր դեմ խաղ չկան» ու «բոլոր ճանապարհները դեռ երկար տարիներ անցնելու են Մելիք Ադամյանով» դատավճիռը, որը վաղուց արդեն  վերածվել էլ իշխանական ագիտպրոպի  մանտրայի, ու որին շատերը արդեն սկսել էին հավատել որպես անխուսափելի ցմահ ազատազրկման։

Մենք միացել ենք  համաժողովրդական շարժմանը, որպեսզի այլեւս մեր երկրում մեկ գիշերվա մեջ ՀՀՇ-ից չդառնան Երկրապահ, հետո Հանրապետական, հետո էսսեռ, մենշեւիկ, բոլշեւիկ ու հիմա էլ երեւի թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

Մենք միացել ենք  համաժողովրդական  շարժմանը, որպեսզի այլեւս մեր երկրում չլինի առաջնորդի կռապաշտություն, որի ցանկացած շարքային միտք իր ստորադասները ստորադասում են Մաքիավելիին ու  Սոլոնին։

Մենք միացել ենք  համաժողովդրական շարժմանը, որպեսզի այլեւս երբեք մեր ուսուցչին չսարքեն ընտրակեղծարար եւ սերնդապիղծ, որպեսզի այլեւս մեր երկում չլինեն  ճնճղուկի հոգով բազեներ, ում համար գերագույն արժեքը դոշին խփված իշխանության զնաչոկն է՝ մանկուրտների, ուրացողների, փտած ուսխորհուրդների, կարիերիստների եւ դասալիքների սեկտայի պատվավոր անդամ դառնալու համար։  

Մենք միացել ենք համաժողովրդական շարժմանը, որպեսզի այլեւս երբեք մեր երկրում քաղաքացին չլինի ընտրական առեւտրի առարկա, որի վրա կարելի է շաբաշի նման 10 հազար դրամ շպրտել ու շարունակել ստորացնել։

Մենք միացել ենք համաժողովրդական շարժմանը, որպեսզի այլեւս երբեք ո՛չ այս եւ ո՛չ էլ որեւէ ամբիոնից որեւէ նախագահի կամ վարչապետի հասցեին չհնչի  ստրկահպատակ քծնանք, որից ահա այս պատերը նեխել են։

Եւ այս շարժումը չի ավարտվելու այս դահլիճում՝ վարչապետի ընտրությամբ։ Որովհետեւ, եթե չի լինելու իշխանության բովանդակային եւ որակական փոփոխություն, եթե լինելու է միայն անձերի եւ դեմքերի  փոփոխություն, մենք բոլորս ու առաջին հերթին ժողովուրդը, մեր լուսավոր երիտասարդները, ովքեր հավատացին ու դարձան այս շարժման լոկոմոտիվը, ունենալու ենք հերթական մեծ ու այս անգամ` անդառնալի հիասթափությունը։

Այս իշխանությունը տասնյակ տարիներ նմանվել է այն մարդուն, ով հետեւողականորեն սպանում է իր ծնողին, տվյալ դեպքում ժողովրդին եւ դատարանում, վերջին խոսքի ժամանակ, խնդրում, որ հաշվի առնեն այն մեղմացուցիչ հանգամանքը, որ  ինքը  որբ է։

Ցանկացած կոմպրոմիս այս արատավոր համակարգը  ստվերային այս կամ այն ձեւով, այս կամ այն դեմքով եւ խմբավորմամբ, թայֆայով  պահպանելը լինելու է դեռ չսկսված ճանապարհի ավարտը։

Ես հիմա ուզում եմ հիշել Սամվել Մկրտչյանի խոսքը`

«Մենք կյանքի կոչեցինք Օրվելի անասունների ագարակը: Բայց պետք է մի շատ պարզ բան հասկանալ՝ եթե չարիքը պարբերաբար վերարտադրվում է, հարկավոր է այն խեղդել: Ինձ զայրացնում է այն ամենը, ինչ խանգարում է իմ քաղաքացիական անհնազանդությանը։

 

Այս տարիների մեծագույն արհավիրքը ուրացումն ու դավաճանությունն է: Ինչպես մարդիկ, ում անկաշառ ես կարծել, հերթով, հեշտուհանգիստ խուրդվեցին: Իսկական ռնգեղջյուրացում: Հայաստանում գենային, օրգանական տեսակի աղետ է տեղի ունեցել. մտավորականության տեղը զբաղեցրել են ինչ-որ մուտանտ-դեգեներատներ: Ուշադիր նայեք ամենուր

հայտնվող դրանց մռութներին ու կտեսնեք էվոլյուցիայի խախտման հետևանքները:

Սա ոգու սովն է, իսկ մեծագույն աղետը հոգու աղետն է, որից ավելի սարսափելին՝ այդ աղետին հարմարվելն ու հավուր պատշաճի այդ աղետը ընդունելն է»:

Սրա դեմ ընդվզել է պետք։

Եւ հիմա ես միանում եմ Սամվելին ու քվեարկելու եմ հանուն իմ ու նաեւ այս փոփոխություններին գենետիկորեն ընդդիմացող հանրապետականների երեխաների ապագայի օգտին։

Որովհետեւ ես չեմ ուզում, որ իմ եւ ձեր երեխաները ապրեն ձեր ապականած իմ հայրենիքում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ