Եթե ես մտադիր լինեի վերցնել, վերջին 23 տարվա ընթացքում կվերցնեի դիպլոմը. Փաշինյան (տեսանյութ)
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ժամանակ չի ունեցել ծանոթանալու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությանը: Այս մասին նա նշեց քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: Վարչապետի ընտրության մասին նա ասաց, որ փորձելու են աշխատանքային մթնոլորտ ստեղծել, որպեսզի կարողանան հետագայում բոլոր հարցերը հանդարտ քննարկել, լուծել:
Ամեն դեպքում Փաշինյանն ասաց, որ «մարտի 1»-ը պետք է բացահայտվի:
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ իր ընտրվելու դեպքերում բոլոր խնդիրները, որ ինքն է բարձրացրել, լուծում են ունենալու: «Ինչ-որ արել ենք մինչև հիմա, ամեն ինչ արել ենք ժողովրդի միջոցով, շարունակելու ենք անել»,-նկատեց նա՝ հավելելով, որ բոլոր նեգատիվ երևույթները վերացվելու են:
Ինչ վերաբերում է առաջին քայլերին, նա մատնանշեց հենց կոռուպցիան, մենաշնորհը, որոնց դեմ լինելով ընդդիմադիր պատգամավոր միշտ խոսել է, բացի այդ ազատ ու արդար, թափանցիկ ընտրությունների անցկացումը: «Երկրորդ քայլը պիտի լինի կառավարության ձևավորումը, որի համար կա 15-օրյա ժամկետ, ապա 20 օրում պիտի քննարկվի »,-նշեց նա:
Հարցին, թե մտադիր է վերցնել ԵՊՅ-ից իր դիպլոմը, որը խոստացել են տալ, նա արձագանքեց. «Եթե ես մտադիր լինեի վերցնել, վերջին 23 տարվա ընթացքում կվերցնեի»: