18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պարիր ինձ հետ մինչեւ սիրո վերջը …

Ղովտ

Վերադարձրու ինձ տունս
Վերադարձրու ինձ իմ ջահել կնոջը
Գոռացի իմ կածանին ցցված արևածաղկին
Վերադարձրեք ինձ նշտարս
Վերադարձրեք ինձ իմ սարի տեսարանը
Ասացի իմ կածանով ցրված սերմերին
Վերադարձրու ինձ անունս
Վերադարձրու ինձ մանկությանս ցուցակը
Շշնջացի փոշուն երբ կածանը վերջացավ
Հիմա երգիր
Հիմա երգիր
երգեց իմ վարպետը մինչ սպասում էի սառը քամու մեջ
Սրա՞ համար եմ այսքան ճամփա անցել
զարմացա մինչ սպասում էի անբասիր ցրտում
վերջապես պատրաստ՝ քննարկելու իմ լռությունը
Ասա ինձ վարպետ
շարժվո՞ւմ են շուրթերս
կամ որտեղի՞ց է գալիս
այս մեղմիկ համապարփակ երգը որ առաջ է մղում հոգիս
ժայռի մեջ խրված աղի նիզակի պես
Վերադարձրու ինձ տունս
Վերադարձրու ինձ իմ ջահել կնոջը

Տգեղ իմ իսկ աչքերում

Ամեն անգամ երբ տեսնում եմ քեզ
մի պահ մոռանում եմ
որ տգեղ եմ իմ իսկ աչքերում
քեզ չնվաճելու համար
Ուզում էի որ դու ինձ ընտրես
քո ճանաչած բոլոր տղամարդկանց միջից
որովհետև նրանց ընկերակցությունը
կործանում է ինձ
Հաճախ ես այսպես եմ աղոթել քեզ համար
Թող ես ունենամ ներան

Պարիր ինձ մինչև սիրո վերջը

Պարիր ինձ գեղեցկությունդ ջութակի հետ այս վառման
Պարիր ինձ տագնապները մեր որ անհոգ ու կուռ դառնամ
Լինեմ ձիթենու ճյուղը քո, դու՝ աղավնին, հավերժը
Պարիր ինձ մինչև սիրո վերջը
Պարիր ինձ մինչև սիրո վերջը
Թող տեսնեմ գեղեցկությունդ երբ չլինի ոչ մի վկա
Զգամ ես շարժումները քո, Բաբելոնը թող հետ գա
Ցույց տուր այն ինչի սահմանը միայն իմ հոգու մեջ է
Պարիր ինձ մինչև սիրո վերջը
Պարիր ինձ մինչև սիրո վերջը
Պարիր ինձ հարսանիքը մեր, պարիր ինձ ամեն վայրկյան
Պարիր ինձ քնքշորեն ու մեղմ, պարիր ինձ երկար մի կյանք
Գիտենք սիրո ելևէջները մենք, գիտենք ամեն մի էջը
Պարիր ինձ մինչև սիրո վերջը
Պարիր ինձ մինչև սիրո վերջը
Պարիր ինձ երեխաների համար ովքեր խնդրում են որ ծնվեն
Մեր համբույրներից վարագույրը մաշվեց ծվեն-ծվեն
Թել առ թել պատռվեց վրանը – այնքան զորեղ է տենչը
Պարիր ինձ մինչև սիրո վերջը
Պարիր ինձ մինչև սիրո վերջը
Պարիր ինձ գեղեցկությունդ ջութակի հետ այս վառման
Պարիր ինձ տագնապները մեր որ անհոգ ու կուռ դառնամ
Հպվիր ինձ մերկ ձեռքով կամ ձեռնոցով մինչև հավերժը
Պարիր ինձ մինչև սիրո վերջը
Պարիր ինձ մինչև սիրո վերջը

 

Եթե Դու կամենաս

Եթե Դու կամենաս
որ բառ չասեմ այլևս
չլսվի իմ ձայնը
չլսվեն քայլերս
Չեմ խոսի երբեք
կմնամ անհաս
կապրեմ համր ու հեզ
եթե Դու կամենաս
Եթե Դու կամենաս
ճշմարիտ ձայն լսել
կերգեմ կոտրված սարից
Քո անունը վսեմ
Կոտրված այս սարից
Քո գովքը կանեմ
եթե Դու կամենաս
որ ես ձայն հանեմ
Եթե Դու կամենաս
եթե կա ընտրություն
թող լցվեն գետերը
լինի խնդություն
թող ցողի Քո գութը
դժոխքի սրտերը նենգ
եթե Դու կամենաս
որ մենք ապաքինվենք
Եվ ի մի բեր մեզ
կապիր մեզ ուս-ուսի
զավակներդ աստ
քուրձերով լույսի
քուրձերով լույսի՝
սպանելու պատրաստ-
Վերջ տուր գիշերվան
միայն թե կամենաս 

Լենըրդ Քոհեն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ