Ուժի կիրառումը կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել ողջ տարածաշրջանի համար. ԱԳՆ
![](https://henaran.am/wp-content/uploads/2018/04/f5a28db7fc2e0e_5a28db7fc2e4c_thumb.thumb_.jpg)
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությունը արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի վերաբերյալ
Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների ֆոնին Ադրբեջանը՝ Արցախի հետ շփման գծի երկայնքով կենդանի ուժի, հրետանու և զինտեխնիկայի կուտակումներ է իրականացնում, ինչն առիթ է տալիս ենթադրելու Բաքվի կողմից հնարավոր նոր արկածախնդրության նախապատրաստման մասին։
Միջազգային հանրությունը, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, պետք է համապատասխան ջանքեր գործադրեն՝ Բաքվին զսպելու, առաջնագծից ադրբեջանական զինտեխնիկան, հրետանին և զինված ուժերը հետ քաշելու և 1994-1995 թթ. զինադադարի համաձայնագրերն անշեղ իրագործելու ուղղությամբ։
Շարունակում ենք համոզված լինել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ բանակցային լուծումն այլընտրանք չունի։ Ուժի կիրառումը կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել ողջ տարածաշրջանի համար։
Ադրբեջանը չպետք է պատրանքներ տածի, թե Հայաստանում ներքաղաքական զարգացումների պայմաններում կարող է ոտնձգություն կատարել Արցախի դեմ և իրականացնել իր ագրեսիվ մտադրությունները։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության հարցում հայ ժողովուրդը միահամուռ է և թույլ չի տա Արցախի նկատմամբ որևէ ոտնձգություն։
Հայաստանն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հաստատակամ կանգնած է Արցախի թիկունքին և վճռական է ապահովելու նրա անվտանգությունը։