Նիկոլ Փաշինյանն արձագանքում է Սերժ Սարգսյանին
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ պատրաստ է քննարկել Սերժ Սարգսյանի հեռացման պայմանները: Աարձագանքելով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի` երկխոսության կոչին՝ նա ասաց.
«Երեկ ասացի, որ մենք վենդետաներ չենք ուզում, վրեժխնդրություն չենք ուզում, ուզում ենք, որ իշխանության փոխանցումը ժողովրդին մաքսիմալ անցնցում տեղի ունենա: Ես էլ եմ կարծում, որ կարող են լինել անդառնալի կորուստներ, դրա համար Սերժ Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ ընդունել մեր բոլոր պայմանները»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ուլտիմատումով չի խոսում և որևէ մեկին խորհուրդ չի տալիս իրենց հետ այդպես խոսել: «Սա բխում է իրավիճակի սթափ գնահատականից»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե Սերժ Սարգսյանը մտավախություն ունի, որ իր ընտանիքը, թոռները վատ վերաբերմունքի կարժանանան, ինքը երաշխավորում է, ժողովուրդը երաշխավորում է, որ այդպիսի բան լինել չի կարող, քանի որ Հայաստանում ներհայաստանյան թշնամանքի էջը փակված է:
Նա նաև նշեց, որ «Մարտի 1»–ը չի կարող կրկնվել, քանի որ ի տարբերություն մարտի մեկի, այսօր ողջ հայությունն աջակցում է շարժմանը, և կոչ արեց սփյուռքի հայրենակիցներին այդ աջակցությունը մեծացնել, անընդհատ զանգերով, նամակներով ճնշել իշխանությանը: Որպես անարյուն փոխանցման երաշխավոր նա կոչ արեց Սերժ Թանկյանին, Շառլ Ազնավուրին, Հայաստանի և սփյուռքի մտավորականներին անհապաղ խմբվեն և նախաձեռնություն ցուցաբերեն: «Ես չեմ հավատում, որ ՀՀ-ում կա ոստիկան, զինվորական, որ պատրաստ է մեզ վրա կրակել: Հայ ազգի ցանկացած ներկայացուցչի կրակոց պետք է ուղղված լինի շփման գծից այն կողմ` անհրաժեշտության դեպքում»,-ասաց նա և կոչ արեց այս իրավիճակը չհամեմատել այլ ժամանակների հետ, քանի որ ներկայումս ուրիշ իրավիճակ է, և որևէ եզր չկա նախկին իրադարձությունների հետ: