Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հատկանշելով հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանների դերը: Շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության ու համատեղ աշխատանքի համար՝ քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանի և դեսպանատան միջև ձևավորված փոխգործակցությունն այսուհետ ևս կլինի կառուցողական ու հաջողված:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինն իր համար մեծ պատիվ է համարել Հայաստանում պաշտոնավարելը և ընդգծել, որ այս տարիների ընթացքում իրեն զգացել է Երևանի լիարժեք բնակիչ: Առիթն օգտագործելով՝ Իվան Վոլինկինը նաև շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին՝ անցած հինգ տարիների ընթացքում դեսպանատան հետ արդյունավետ համագործակցության համար:
Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հաջողություններ է մաղթել դեսպանին հետագա գործունեության մեջ: