Շանթի որդուն հրահրել է ռազմագիտության ուսուցիչը՝ անպատվելով մերօրյա ազատամարտիկներին
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/shahen_harutyun_1391596978.jpg)
Ըստ ոստիկանության հաղորդագրության, փետրվարի 4-ին, ժամը 19.55-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել 57-ամյա Հրաչյա Գ.-ն եւ հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 14.05-ի սահմաններում, թիվ 139 ավագ դպրոցի աշակերտներից մեկը` 15-ամյա Շահեն Հ.-ն, զինպատրաստության դասասենյակում աշակերտական աթոռով հարվածել է իր գլխին եւ պատճառել վնասվածք:
Նույն օրը, ժամը 21.30-ին, Շ. Հ.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ ժամը 14.00-ի սահմաններում, թիվ 139 ավագ դպրոցի ռազմագիտության դասարանում զինղեկ Հրաչյա Գ.-ն ձեռքով երկու անգամ հարվածել է իր կրծքավանդակին եւ պատճառել ֆիզիկական ցավ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
Նշենք, որ Շ.Հ.-ն “Ցեղակրոն” կուսակցության ղեկավար, ներկայումս անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի որդին է:
Henaran.am-ի հետ զրույցում Շահենի մայրը՝ Ռուզան Բադալյանը պատմեց, որ այսօր Շահենը դպրոց չի գնացել, այլ բուժհետազոտությանն էր: Ըստ մոր, պատմությունը նոր չէր. ռազմագիտության ուսուցիչը ամեն կերպ փորձել է Շահենին հանել հունից: Շանթ Հարությունյանի դեպքերի հետ կապված Շահենին տեղափոխել էին զուգահեռ դասարանը, քանի որ աղջիկները այդ դասարանում շատ կան, ընդամենը 3 տղա են:
“Էդ դասատուն անընդհատ ասում էր, որ Շահենը հեսա աղջիկ ա դառնալու, եղունգներն է երկարացնելու, փոխվելու է: Նման բաներ ասելուց հետո բերում էր քաղաքական դաշտ խոսակցությունը”,-ասաց Ռուզանը: Նույնիսկ, մանկավարժը հայտարարել է, որ Շանթը հոր նման հիվանդ է:
“Շահենին անընդհատ հունից հանում էր, այդ օրն էլ խոսեց Մաքսային միության մասին, ասաց՝ հայերը ճորտ են, ճորտ էլ մնալու են: Ասաց, որ իզուր ենք այնքան զոհեր տվել, ֆիդայիները իզուր են կռվել”,-պատմեց Ռուզանը: Այս ասելուց հետո Շահենը չդիմացավ եւ արձագանքեց: Ուսուցիչը խփեց նրան եւ սկսվեց ամեն ինչ:
“Մենք չենք բողոքել ոստիկանություն: Շահենը Ֆեյսբուքի իր պատին գրել էր եւ այդպես կանչեցին”,-ասաց Ռուզանը՝ ավելացնելով, որ Շահենի համադասարանցիներին այսժմ ոստիկանները հարցաքննում են: