ՀԱՊԿ-ը մեկ անգամ չէ, որ խոսել է, և այն եզակի կառույցն է, որ դատապարտել է Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները ՀՀ տարածքում. Շարմազանով
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը: ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ Սանկտ-Պետերբուրգում ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը՝ Խոսրով Հարությունյանի նախագահությամբ որոշում է ընդունել ԼՂ հակամարտության գոտում հավաքական անվտանգության հնարավոր սպառնալիքի մասին:
Այնտեղ նշվում է, որ ՀԱՊԿ խորհրդարանական վերահաժողովի քաղաքական հանձնաժողովը հղում է անում ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների հայտարարություններին, ևս մեկ անգամ նշում, որ խնդիրը պետք է լուծվի երեք հայտնի սկզբունքների հիման վրա՝ ազգերի ինքնորոշմամբ, խնդրի խաղաղ կարգավորմամբ, անթույլատրելիությունը ռազմատենչ հռետորաբանությամբ:
Որոշման մեջ մասնավորապես ասվում է. Հանձնաժողովը կրկին հաստատում է ՀԱՊԿ հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ արտահայտված 2017թ. նոյեմբերի 30-ին ընդունված Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) հայտարարությունում եւ միանում է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների աջակցությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների, ինչպես նաեւ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա` մասնավորապես կապված ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հետ»:
Շարմազանովը նշեց, որ հայտարարությանը կցված է տեղեկատվությունը, որի մեջ ռազմատենչ հռետորաբանությունն ու այն գնահատականները, որ չեն բխում խաղաղ կարգավորման տրամաբանությունից նշված են, և սա շատ լուրջ փաստաթուղթ է, ընդգրկված են նաև մեր նախագահի, Արցախի գնահատականները: «ՀԱՊԿ-ը մեկ անգամ չէ, որ խոսել է, և այն եզակի կառույցն է, որ դատապարտել է Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները ՀՀ տարածքում՝ Չինարի գյուղի դիվերսիայի հետ կապված՝ նշելով դա որպես սադրանք: Մենք այդ իմաստով ՀԱՊԿ-ում որևէ խնդիր չունենք»,-հավելեց ԱԺ փոխնախագահը:
Ըստ նրա՝ սրանով ՀԱՊԿ-ը օժանդակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների սկզբունքներին: