27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետի ընտրության ոչ վճռորոշ, բայց առանցքային ինտրիգը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՅԴ-ն, որն ապրիլյան, այսպես ասած, որոշումներից առաջ ընտրել է նոր Գերագույն մարմին, հայտարարել է, որ կընդունի ՀՀԿ ներկայացրած վարչապետի որևէ թեկնածուի: ՀՅԴ այդ հայտարարությունն, անշուշտ, տրամաբանական է, եթե նկատի ունենանք նաև այն, որ կոալիցիոն հուշագրով անգամ վարչապետի թեկնածուի առաջադրումը ՀՀԿ իրավունքն է: Միևնույն ժամանակ, Դաշնակցությունն, իհարկե, մինչև Սերժ Սարգսյանի առաջադրման շուրջ որոշակիությունը, բավականին բազմիմաստ մեսիջներ էր հղում իր հնարավոր դիրքորոշման մասով՝ փորձելով թերևս ստանալ ՀՀԿ թեկնածուի աջակցության առավել բարենպաստ պայմաններ:

Ինչ է ստացվել ՀՅԴ-ի մոտ, առայժմ դժվար է ասել, սակայն ապրիլին վարչապետի թեկնածության առաջադրման հարցում հայաստանյան քաղաքական գործընթացների տրամաբանության տեսանկյունից շատ ավելի կարևոր և առանցքային է ոչ թե ՀՅԴ-ի դիրքորոշումը ՀՀԿ վարչապետի նկատմամբ, այլ «Ծառուկյան» դաշինքի կամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, որը խորհրդարանում երկրորդ ուժն է և հանդես է գալիս ընդդիմության դիրքերից, հայտարարել է իրեն ընդդիմություն: Առանցքայինն այստեղ է՝ կսատարի՞ Ծառուկյանը Սերժ Սարգսյան վարչապետի թեկնածությանը, թե՞ ոչ: Ընդ որում՝ ինտրիգը հնարավոր կոալիցիան չէ, այլ հետագա քաղաքական ավելի լայն գործընթացները:

Բանն այն է, որ եթե «Ծառուկյան» դաշինքը կայացնի Սերժ Սարգսյանի թեկնածությանը սատարելու որոշում, ընդ որում՝ անկախ ձևակերպումից, ապա դա հիմք կտա եզրակացնելու, որ առաջիկա չորս տարիների համար, փաստորեն, բաց է մնալու երկրորդ ուժի հարցը՝ այդ հասկացության, այսպես ասած, ընդդիմադիր իմաստով: Որովհետև եթե «Ծառուկյան» դաշինքը այս անգամ էլ գա համաձայնության Սերժ Սարգսյանի հետ, ապա հազիվ թե հնարավոր լինի հետագա չորս տարիներին և մասնավորապես 2022 թվականի խորհրդարանի ընտրությանը Ծառուկյանի միջոցով փակել ընդդիմադիր ընտրազանգվածը կամ բողոքական ընտրազանգվածը:

Հետևաբար Ծառուկյան-Սարգսյան այդ պայմանավորվածությունը կա՛մ կնշանակի, որ իշխանությունը համոզված է՝ այլևս չկա բուֆերի խնդիր, կա՛մ կնշանակի, որ Ծառուկյանն այլևս սահուն կերպով դուրս է գալիս ակտիվ քաղաքականությունից, և նրա տեղը ընդդիմադիր դիրքավորման մասով կզբաղեցնի, ըստ ամենայնի, որևէ նոր ուժ, որի ձևավորումը չի կարող լինել առանց իշխանության մասնակցության: Դա, իհարկե, չի նշանակում, որ այդ նոր ուժը կամ բևեռը չի ձևավորվի ներառելով նաև «Ծառուկյան» դաշինքի մի զգալի մաս, սակայն կլինի ակնառու ինդիկատոր, որ Ծառուկյան քաղաքական գործոնը ավարտում է իր, այսպես ասած, անմիջական քաղաքական դերակատարության տասնամյակը:

Եթե դաշինքը կայացնում է Սերժ Սարգսյանի վարչապետությանը դեմ քվեարկելու հստակ որոշում, ինչն, իհարկե, չի խանգարի ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին Սարգսյանին ընտրել վարչապետ, ապա այս դեպքում դա ինդիկատոր է, որ Ծառուկյանը ունի 2022 թվականի հետ կապված ծրագրեր և հավակնում է առնվազն երկրորդ դիրքը պահպանելուն, եթե, իհարկե, հաջորդ չորս տարիներին չլինի որևէ փոփոխություն և Սերժ Սարգսյանի հետ որևէ հարցում պայմանավորվածություն: Ահա այդ մասով վարչապետի քվեարկության ընթացքում ոչ վճռորոշ, բայց թերևս առանցքային ինտրիգը հենց այստեղ է՝ ինչ դիրքորոշում կունենա «Ծառուկյան» դաշինքը, քանի որ դրանով կնախանշվի հետագա չորս տարիներին քաղաքական զարգացումների մի որոշակի վեկտոր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ