ՀՀ հանրային վայրերում օդի աղտոտվածության մակարդակը վտանգավոր է
Սպառողների ազգային ասոցիացիայի կողմից Ծխախոտի օգտագործումը նվազեցնելու Բլումբերգի նախաձեռնությանը (Bloomberg Initiative to Reduce Tobacco Use) աջակցելու համար 2017 թ. նոյեմբերին Հայաստանի մայրաքաղաք Երևանում անցկացվել է օդի որակի մոնիթորինգային ուսումնասիրություն` համեմատելով օդի աղտոտվածության մակարդակը այն վայրերում, որտեղ ծխելը թույլատրվում է, և այն վայրերում, որտեղ այն 100 տոկոսով արգելված է:
Հետազոտության ընտրանքում ընդգրկվել է 30 ռեստորան, սրճարան և բար, որոնցից 5-ում ծխելը 100 տոկոսով արգելված է, 12-ում առկա են ծխողների և չծխողների համար հատկացված սրահներ, իսկ 13-ում ծխելը թույլատրվում է ողջ տարածքում: Հետազոտությունները անցկացվել են աշխատանքային ժամերին: Օդի աղտոտվածության վնասակար խտացումները չափելու համար օգտագործվել է SidePak Aerosol Monitor կոչվող սարքը, որն օգտագործվել է աշխարհի ավելի քան 60 երկրներում բազմաթիվ վայրերում ծխախոտի ծխի աղտոտման ազդեցությունը չափելու համար:
Այրվող ծխախոտից արտանետվում են մեծ քանակությամբ թոքերի մեջ հեշտությամբ ներթափանցող փոքրիկ և անտեսանելի մասնիկներ՝ PM2.5: PM2.5 մակարդակների արդյունքները գնահատվել են՝ օգտագործելով Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) կողմից օդի նպատակային որակի 10 μգ/մ3 ցուցանիշը, ինչպես նաև ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանության գործակալության (EPA) կողմից մշակված Օդի որակի ինդեքսը (ՕՈԻ):
Հետազոտության արդյունքերի համաձայն, այն վայրերում, որտեղ ծխելը թույլատրված է ամենուրեք, գրանցվել է PM2.5-ի ծայրահեղ բարձր մակարդակ՝ միջինում 600 µգ/մ3 (միկրոգրամ մեկ խորանարդ մետրի համար), այսինքն՝ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից (ԱՀԿ) սահմանված PM2.5-ի մասով օդի որակի չափանիշերից 60 անգամ ավելի բարձր: Հաստատություններում, որտեղ ծխելը սահմանափակ է, ծխողների համար սահմանված տարածքներում օդի աղտոտման մակարդակը ևս բարձր է և կազմում է միջինում 115 µգ/մ3 (ԱՀԿ-ի կողմից սահմանված PM2.5-ի մասով օդի որակի չափանիշերից 11.5 անգամ ավելի բարձր): Հաստատություններում, որտեղ ծխելը սահմանափակ է, անգամ չծխողների համար սահմանված տարածքներում օդի աղտոտման մակարդակը ԱՀԿ-ի կողմից սահմանված PM2.5-ի մասով օդի որակի չափանիշներից 8.5 անգամ ավելի բարձր է (միջին 85 µգ/մ3):
Ընդհանուր առմամբ, 11 վայրում, որտեղ ծխելը թույլատրվում է ամեն տեղ, 5 ծխելու համար և 1 չծխողների համար հատկացված տարածքում կատարված չափումները ցույց տվեցին, որ PM2.5 մասով ԱՄՆ Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության կողմից սահմանված մակարդակը գերազանցվել է ավելի քան 150.5 µg/m3-ով, ինչը կարելի է դիտարկել որպես վտանգավոր:
Ծխելը ամբողջությամբ արգելված վայրերում արձանագրվել է ավելի քան 19 անգամ ցածր աղտոտման մակարդակ, քան այն վայրերում, որտեղ ծխելը թույլատրվում է ամենուրեք:
Եթե նույնիսկ հասարակական վայրում գտնվող մարդը չծխող է, շրջակայքում գտնվող ծխողները բավականին մեծ վնաս են հասցնում նրա առողջությանը: Ծխախոտի երկրորդային ծուխը պարունակում է 7000-ից ավելի քիմիական միասնություններ, որոնցից 250-ը հայտնի են որպես վնասակար, իսկ 69-ը՝ քաղծկեղածին նյութեր, այն կարող է բավականին լուրջ խնդիրների պատճառ հանդիսանալ. նպաստել թոքերի քաղծկեղին, սրտի կամ ուղեղի կաթվածին, շնչառական օրգանների հիվանդությանը, մանուկների հանկարծամահության սինդրոմին, երեխաների շրջանում վերին շնչառական օրգանների և ականջային վարակներին, ծանր ասթմային:
Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ ծխելը արգելելու պայմաններում օդի որակը մնացել է շատ ցածր և մշտական «միջին»-ի միջակայքում: Մյուս կողմից, այն վայրերում, որտեղ ծխելը թույլատրվում է ամեն տեղ, օդի որակը հիմնականում «վտանգավոր»-ի միջակայքում է, իսկ ծխելու համար սահմանված տարածքներում օդի որակը «վտանգավոր» է և հասնում է ավելի քան 3700 µգ/մ3-ի:
Այսպիսով՝ 2017 թվականի նոյեմբերին Երևանում անցկացված՝ օդի որակի մոնիթորինգային ուսումնասիրության արդյունքներից կարելի է եզրակացնել, որ չծխելը դեռ չի ապահովագրում մարդկանց ծխախոտային ծխի բավականին լուրջ հետևանքներից. մոտակայքում ծխող մարդը կարող է առողջական լուրջ խնդիրների պատճառ հանդիսանալ:
2018 թվականի հունվարի 24-ին ՀՀ առողջապահության նախարարությունը քննարկման է ներկայացրել «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է կանխարգելել ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործումը, նպաստել ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործման դադարեցմանը և բնակչությանը պաշտպանել երկրորդային ծխի ազդեցությունից առաջացող բացասական հետևանքներից: