Ամփոփվել են մայրաքաղաքի 5 հրապարակների վերակառուցման հայեցակարգային նախագծերի մրցույթի արդյունքները
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի նախագահությամբ ամփոփվել է Երեւանի քաղաքապետարանի կողմից դեռեւս 10.06. 2013թ. հայտարարված՝ Երեւանի Բրազիլիայի, Աշխատանքի, Սասունցի Դավթի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հրապարակների վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական բաց մրցույթը:
Մրցութային հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրել է ներկայացված ութ նախագծային առաջարկները եւ սահմանել գնահատման չափորոշիչները, ապա հանձնաժողովի անդամները, համաձայն չափորոշիչների, քվեարկությամբ կատարել են իրենց ընտրությունը:
Ըստ այդմ, որոշվել է ներկայացված մրցութային ութ առաջարկները գնահատել ըստ մրցութային պայմաններին նախագծերի համապատասխանության, քաղաքաշինական իրադրության վերլուծության դիապազոնի, հայեցակարգի գաղափարախոսության, հատակագծային եւ ֆունկցիոնալ կազմակերպման, ճարտարապետական հորինվածքի միասնականության եւ պատմաճարտարապետական ժառանգության արժեւորման:
Ներկայացված աշխատանքներից եւ ոչ մեկը լիովին չի բավարարել մրցույթի պայմաններին եւ չափորոշիչներին, ուստի քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամները միաձայն քվեարկությամբ որոշել են 1-ին մրցանակ չշնորհել որեւէ նախագծի:
Աշխատանքները գնահատելիս առաջնորդվելով համեմատության սկզբունքով՝ հանձնաժողովը քվեարկությամբ 2-րդ մրցանակի է արժանացրել ճարտարապետներ Լեւոն Վարդանյանի եւ Միսաք Մխիթարյանի ներկայացրած՝ Երեւանի Ռուսաստանի հրապարակի հայեցակարգային նախագիծը, իսկ երրորդ մրցանակը տրվել է ճարտարապետներ Վարդան Փենեսյանին, Աստղիկ Սարգսյանին եւ Արթուր Հովասափյանին՝ Երեւանի Ֆրանսիայի հրապարակի հայեցակարգային նախագծի համար:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն