«Գյուղական բնակավայրերի կանանց և աղջիկների տնտեսական և սոցիալական հնարավորությունները» խորագրով միջոցառում ՄԱԿ-ում
Մարտի 12-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանի բացման շրջանակներում ՄԱԿ-ում Հայաստանի Մշտական ներկայացուցչությունը Հայ օգնության Միության հետ համատեղ կազմակերպեց «Գյուղական բնակավայրերի կանանց և աղջիկների տնտեսական և սոցիալական հնարավորությունները» խորագրով միջոցառում:
Հանդիսությանը բացման խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, ելույթներ ունեցան Հայ օգնության միության կենտրոնական վարչության փոխնախագահ Նիրի Դերդերյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետազոտությունների, քաղաքականության և տվյալների բաժնի ներկայացուցիչ Թոբի Ուիքսը և Հայրենիքի զարգացման նախաձեռնություն հիմնադրամի ներկայացուցիչ Արազ Չիլոյանը:
Զոհրաբ Մնացականյանն իր խոսքում անդրադարձավ Հայաստանի կառավարության նախաձեռնած մի շարք գործադիր և օրենսդրական բարեփոխումներին և ազգային գործողությունների ծրագրերին` ուղղված գենդերային հավասարության և կանանց առաջխաղացման ապահովմանը` կարևորելով ՀԿ-ների և քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունն ու համագործակցությունը: Դեսպանը բարձր գնահատեց Հայ օգնության միության, Հայրենիքի զարգացման նախաձեռնություն հիմնադրամի ջանքերն ու նվիրումը և կոչ արեց նրանց շարունակել ծրագրերն ու իրենց կարևոր առաքելությունը Հայաստանի գյուղական բնակավայրերի կանանց առաջխաղացման կարևոր գործում:
Միջոցառմանը մասնակցեցին ՄԱԿ-ի անդամ պետությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ՄԱԿ-ի հիմնադրամների և ԱՄՆ-ում հայկական համայնքի ներկայացուցիչներ: