26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը «կախեց» Հրայր Թովմասյանին օլիգարխիայի գլխին. Ժամանակ

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուի համար առաջադրել է ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանին, որն օրերս հրաժարական տվեց պատգամավորությունից՝ ՍԴ անդամ ընտրվելու համար, հետո նախագահ Գագիկ Հարությունյանին փոխարինելու հեռանկարով:

Հարությունյանը, հիշեցնենք, գլխավորելու է նորաստեղծ Բարձրագույն դատական խորհուրդը:

Հրայր Թովմասյանի առաջադրումը ՍԴ նախագահի պաշտոնին այդպիսով ամենեւին անսպասելի կամ անակնկալ չէր: Թովմասյանը համարվում է նոր Սահմանադրության եւ կառավարման ու ընտրական նոր մոդելի, այսպես ասած, կնքահայրը, եւ նա, փաստորեն, ստանում է իր վաստակի բավականին բարձր գնահատական եւ հատուցում:

ՍԴ նախագահի պաշտոնը չլինելով գործադիր կամ օրենսդիր առօրյա պատասխանատվության պաշտոն, միեւնույն ժամանակ, ըստ էության, չափազանց կարեւոր եւ առանցքային բարձրագույն պաշտոններից մեկն է Հայաստանում: Մյուս կողմից՝ այս պաշտոնը, այս կարգավիճակը տարիներ շարունակ դիտարկվել է ընդամենը իշխանության վերարտադրության եւ կենսագործունեության անխափանությունն ապահովող կնիք, որը դրվել է բոլոր համապետական ընտրությունների, բոլոր առանցքային հարցերի վրա: Այլ կերպ ասած՝ Սահմանադրական դատարանն ընկալվել է ոչ թե իբրեւ անկախ բարձրագույն դատական ատյան Հայաստանում, այլ գործադիր իշխնությանը սպասարկող կառույցներից մեկը:

Այդ տեսանկյունից, դե յուրե լինելով բարձր ատյանի նախագահ՝ Հրայր Թովմասյանը դե ֆակտո լինելու է իշխանությանը սպասարկող կառույցներից մեկի ղեկավար: Սակայն այստեղ, իհարկե, խնդիրը հետաքրքիր է մեկ այլ տեսանկյունից: Այն, որ իշխանություն-հասարակություն հարաբերության մասով Հրայր Թովմասյանը սկզբունքորեն չի փոխելու ոչինչ, կասկածից վեր է՝ նա հո չի եկել իշխանափոխության նպաստելու: Բայց Թովմասյանն անկասկած «էլիտայափոխության» դրսեւորում է: Մի պրոցես, որ փորձում է սահուն իրականացնել Սերժ Սարգսյանը, եւ այստեղ արդեն ակնհայտ է, որ Հարությունյանին Թովմասյանով փոխարինելը զուտ մեխանիկական փոփոխություն չէ:

Սերժ Սարգսյանը կարիք ունի իշխանության մեջ նոր հակակշիռների, որոնք հնարավորինս քիչ են սերտաճած բիզնեսի եւ իշխանության սերտաճման վրա գիրացած օլիգարխիային եւ դրանից կազմված տարբեր բեւեռներին, այդ թվում՝ նաեւ ռուսաստանահայ կապիտալին: Կարեն Կարապետյանին վարչապետ չթողնելու պարագայում անգամ Սերժ Սարգսյանն ունենալու է այդ կապիտալի խնդիրը, քանի որ առաջիկա տարիներին հազիվ թե գտնվի Հայաստանում հիմնական ներդրումային «ոռոգումն» ապահովելու ներուժ պարունակող այլ աղբյուր, քան ռուսաստանահայ կապիտալը: Հետեւաբար Սարգսյանին պետք է ձեւավորել հակակշիռներ, իսկ տեղական կապիտալը չի կարող լինել լիարժեք այդպիսին, քանի որ այդուհանդերձ, չնայած նաեւ շահերի բախմանը, կան առանցքային միավորող գործոններ թե՛ համատեղ անցյալի, թե՛ նաեւ ընտանեկան-ազգակցական, քավոր-սանիկական, խնամիական կապերի տեսքով:

Ըստ այդմ՝ Սարգսյանին անհրաժեշտ են հնարավորինս «օտար» միավորներ՝ թե՛ տարիքային, թե՛ միջավայրային, թե՛ այսպես ասած, գործարքային առումներով: Նա արդեն իսկ ձեւավորել է այդպիսի երկու հակակշիռ՝ նախագահ Արմեն Սարգսյան եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան: Երրորդը կլինի թերեւս Հրայր Թովմասյանը, եւ այստեղ արդեն նրա կարգավիճակը դառնում է հետաքրքիր, որովհետեւ Սահմանադրական դատարանն, ըստ ամենայնի, կդառնա յուրօրինակ մամլիչ կամ սուր, որ կախված է հայաստանյան եւ ռուսաստանահայ խոշոր կապիտալի կրողների գլխին:

Խնդիրն այն է, որ հնարավոր չէ ընթացիկ այդ գործառույթները թողնել զուտ իրավապահ համակարգի վրա, քանի որ այստեղ լծակները ծայրահեղ իրավիճակների համար են, ոչ թե ընթացիկ: Եվ դրանք էֆեկտիվ են հենց այդ ծրագրային ապահովմամբ: Դրանց ընթացիկ կիրառության դեպքում հավանական են դառնում համակարգային խնդիրներ, եւ այդ իսկ պատճառով Սարգսյանը ձեւավորում է ընթացիկ քաղաքական հակակշիռների լայն համակարգ:

Այլ հրապարակումների ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ