16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սոբչակն ու Պուտինն ինչքան տարբեր են, այնքան էլ նման

Առաջիկա օրերին Ռուսաստանում տեղի կունենան նախագահական ընտրություններ: Պետության ղեկավարի ամենահայտնի թեկնածուն Վլադիմիր Պուտինն է, ամենանորը՝ Քսենյա Սոբչակը:

Մի քանի զուգահեռներ և համեմատականներ անցկացնենք այս երկու թեկնածուների միջև:

Իրականում նրանք շատ տարբեր են, միաժամանակ շատ նման են մի հարցում: Նրանք իրենց կյանքում և կարիերայում շատ բաների են պարտական 1989թ-ի ապրիլի 9-ին Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձություններին: Եթե չլինեին այն ողբերգական հանգամանքները, նեղ շրջանակից ոչ ոք և երբեք չէր իմանա Վլադիմիր Պուտինի և Քսենյա Սոբչակի մասին:

89-ի ապրիլի 9-ի դեպքերից երկու ամիս անց Մոսկվայում բացվեց ժողովրդական պատգամավորների առաջին համագումարը՝ Խորհրդային Միության պատմության մեջ առաջին քիչ թե շատ ազատ ընտրված ժողովը: Եվ Թբիլիսիի իրադարձությունները քննարկման գլխավոր թեմաներից մեկն էր: Դրանց հետաքննման համար հատուկ հանձնաժողով էր ստեղծվել: Այն գլխավորել էր այն ժամանակ դեռ բոլորին անհայտ Անատոլի Սոբչակը:

Այդ հանձնաժողովը ոչինչ չկարողացավ հետաքննել, մարդկանց մահվան համար մեղավորներին չգտան: Սակայն այդտեղից սկսվեց Անատոլի Սոբչակի կարիերան. շուտով նա դարձավ Լենինգրադի ազատ ընտրված առաջին քաղաքապետն ու 90-ականների Ռուսաստանում խոշոր խաղացող քաղաքական ֆիգուր:

Հենց Ա. Սոբչակն է քաղաքականություն մտցրել ապագա նախագահ Վլադիմիր Պուտինին, որին 70-ականներին նա դասավանդում էր Լենինգրադի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Սոբչակի դուստր Քսենյա Սոբչակը հեռուստահաղորդավարի իր կարիերան սկսել է հոր աջակցությամբ, սակայն շարունակել և զարգացրել է այն արդեն Պուտինի հովանավորության ներքո:

Այժմ Վլադիմիր Պուտինն ու Քսենյա Սոբչակը հանդիպելու են նախագահական ընտրություններին:

Այն, որ ՌԴ նախագահի երկու թեկնածուների կենսագրությունում Թբիլիսին և Վրաստանն այդքան կարևոր դեր են խաղացել, իհարկե, պատմական պատահականություն է: Պարզապես Ռուսթավելիի պողոտայում կատարված իրադարձությունները ժամանակային առումով ավելի մոտ էին Ժողովրդական պատգամավորների առաջին համագումարին և ընկալվում էին մյուսներից ավելի սուր:

Սակայն օրինաչափ է այն, որ այն ժամանակ կայսրության ընդվզող ծայրամասերի թեման ամենասուրն էր, և հենց դրա վրա էին կառուցվում նոր, հետխորհրդային կարիերաները: Եթե այն համագումարն ավելի վաղ անցներ, այն կհետաքններ Սումգայիթի իրադարձությունները, ավելի ուշ կզբաղվեր Վիլնյուսի հեռուստակենտրոնի գրոհով կամ Բաքու զորքեր մտցնելով:

Կայսրություններն արագ չեն մահանում, այդ գործընթացը տասնամյակներ և դարեր է տևում: Արդեն 26 տարի է՝ Խորհրդային Միությունը չկա, սակայն դրա ազդեցությունը նախկինի պես զգացվում է, նախևառաջ՝ մարդկանց մտածողության մեջ, սակայն նաև այն քաղաքականությունում, որը վարում է ԽՍՀՄ իրավահաջորդ ՌԴ-ն: Այդ պատճառով էլ Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի համար այդքան կարևոր է, թե ով կդառնա Ռուսաստանի նախագահ:

Վլադիմիր Պուտինի և Քսենյա Սոբչակի միջև տարբերություն չկա: Նրանց մրցակցությունն այն է, ինչ ֆուտբոլում կոչվում է պայմանագրային խաղ: Այդ ընտրություններին Սոբչակի մասնակցության գլխավոր նպատակն ուշադրությունը շեղելն է այն բանից, որ ընտրություններին թույլ չեն տալու մասնակցել Վլադիմիր Պուտինի համար իրոք վտանգավոր միակ թեկնածուին՝ Ալեքսեյ Նավալնուն:

Այդ խաղի հաղթողը նախապես հայտնի է. 99,9 տոկոսով նախագահ կընտրվի Պուտինը: Սա նշանակում է, որ ՌԴ-ն կշարունակի նույն ճանապարհը, ինչ իր նախորդը՝ Խորհրդային Միությունը: Բանը նախագահի ազգանունը չէ, այլ՝ բազային ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ վերաբերմունքը, որոնց թվում ընտրությունները կարևորագույնն են:

Արթուր Գասպարյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ