27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ռուսական զե՞նք, թե՞ ամերիկյան պատժամիջոցներ. ԱՄՆ-ը բաց թողեց դուռը Հայաստանի համար. Ժամանակ

Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը  ասել է, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները պարունակում են դրույթ, ըստ որի՝ դրանք կարող են տարածվել այն երկրների և կազմակերպությունների նկատմամբ, որոնք «զգալի քանակությամբ» զենք և զինամթերք ձեռք կբերեն Ռուսաստանից: Սակայն ԱՄՆ պետքարտուղարության և գանձապետարանի իրավաբանները դեռևս շարունակում են քննարկել այս դրույթի պահանջները, թե կոնկրետ ի՞նչ է նշանակում «զգալի քանակություն»: Այս դետալն իրականում չափազանց կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ Հայաստանը ևս Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրից զենք գնող երկրների ցանկում է և տեսականորեն կարող է դրա պատճառով ենթարկվել ամերիկյան պատժամիջոցների:

Նահանգներում հասկանում են Հայաստանի վիճակը

Հենց այս հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրում Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ ասելով, որ ամերիկյան օրենսդիրները Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ մշակելիս պատահական չեն օգտագործել «significant» («զգալի» կամ «շոշափելի») բառը: Միացյալ Նահանգներն այսպիսով «բաց է թողել դուռը», ինչն իրականում լավ հնարավորություն է Հայաստանի համար խուսափելու պատժամիջոցներից:

«Ընդհանրապես պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի և ռուսական ռազմարդյունաբերական համալիրի նկատմամբ չափազանց կարևոր է, և պետք է դրանից համապատասխան հետևություններ անենք: Պետք է հաշվի առնենք, որ այդ պատժամիջոցները կիրառվելու են Ռուսաստանի նկատմամբ, և չի բացառվում, որ որոշակի պատժամիջոցներ կիրառվեն նաև Հայաստանի նկատմամբ: Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգները այդ առումով դուռը բաց է թողել՝ օգտագործելով «significant» բառը: Սա նշանակում է զգալի, այսինքն՝ շոշափելի համագործակցություն:

Օրինակ՝ Միացյալ Նահանգները պայմանագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ, ասենք, 360 միլիարդ դոլարի չափով: Բնականաբար, սա շոշափելի համագործակցություն է: Եթե Ռուսաստանը զենք է վաճառում այլ պետությունների մի քանի միլիարդ դոլարի չափով, սա նույնպես շոշափելի է: Հայաստանը զենք ստանում է Ռուսաստանից, բայց ձեռք է բերում այդ զենքը էժան՝ Ռուսաստանի ներքին գներով, ոչ թե շուկայական գներով, և սա չափազանց կարևոր հանգամանք է:

Կարծում եմ՝ Միացյալ Նահանգները միտումնավոր է նման ձևակերպում տվել, որպեսզի հետո չբախվեն խնդիրների հետ»,-  նշեց Սուրեն Սարգսյանը՝ ավելացնելով, որ Միացյալ Նահանգներում շատ լավ հասկանում են, որ եթե Հայաստանը Ռուսաստանից զենք ձեռք չբերի, բախվելու է շատ լուրջ խնդրի հետ՝ տարածաշրջանում զենքի և զինված ուժերի հավասարակշռության խախտում հօգուտ Ադրբեջանի:

«Մենք բազմիցս ասել ենք, որ Ադրբեջանը զենք է գնում մի շարք պետություններից՝ Թուրքիայից, Իսրայելից, Ռուսաստանից, Պակիստանից, իսկ Հայաստանը հնարավորություն ունի զենք ձեռք բերելու միայն Ռուսաստանից, որովհետև նախ՝ ռուսական զենքն ավելի էժան է, և երկրորդ՝ մեր ամբողջ ռազմական գույքն ըստ էության ռուսական արտադրության է: Բնականաբար, Հայաստանի Զինված ուժերն իր սպառազինությունն ու գույքը համալրելու խնդիր ունի, և այդ հնարավորությունը մեզ տալու է միայն Ռուսաստանը: Սա չափազանց կարևոր խնդիր է»:

 Հայաստանին երկընտրանքի առջև չեն կանգնեցնի

Այս ամենից Սուրեն Սարգսյանը եզրակացնում է, որ տվյալ պատժամիջոցները Ռուսաստանի հանդեպ կիրառվելու պարագայում դրանք չեն կիրառվի Հայաստանի նկատմամբ, և Հայաստանին չեն կանգնեցնի բարդ երկընտրանքի առջև՝ ռուսական զե՞նք, թե՞ ամերիկյան պատժամիջոցներ:

«Կարծում եմ՝ Հայաստանին չեն կանգնեցնի ընտրության առջև, չեն ասի՝ կա՛մ մենք, կա՛մ Ռուսաստանը: Եվ ես լիահույս եմ, որ նման խնդիր չի ծագի, և Հայաստանը ստիպված չի լինի ընտրություն կատարել, որովհետև այդ դեպքում մենք ստիպված ենք լինելու կատարել ընտրություն, որը կնշանակի ամերիկյան պատժամիջոցներ, բայց ռուսական զենք, որովհետև մենք չունենք այլընտրանք ինքնապաշտպանության համար»,- նշեց քաղաքագետը:

Իսկ Ռուսաստանում ի՞նչ են մտածում

Հարցին, թե Ռուսաստանում հաշվի առնո՞ւմ են այն հանգամանքը, որ ամերիկյան պատժամիջոցները կարող են տարածվել նաև Ռուսաստանի գործընկերների վրա, Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը պատասխանեց՝ հաշվի առնեն, թե չառնեն, Ռուսաստանն ամեն դեպքում առաջարկելու է իր զենքը վաճառքի:

«Այդ խնդիրը վերաբերում է պոտենցիալ գնորդներին, ոչ թե Ռուսաստանին: Հարցը՝ կգնե՞ն, թե՞ չեն գնի, հավելյալ գործոն է Ռուսաստանի համար, որը խնդիրներ է առաջացնում, իսկ մնացածը որոշում են գնորդները: Շատ դժվար է ասել, թե ինչ կձեռնարկեն ամերիկացիները, որովհետև մի կողմից՝ այնտեղ կա, այսպես ասած, գլխավոր քաղաքական գիծ՝ ամենակոշտ առճակատման գնալ Ռուսաստանի հետ բոլոր ուղղություններով, մյուս կողմից՝ կա որոշ սաբոտաժ Թրամփի վարչակազմի կողմից: Թե դրանցից որը որ դեպքում կգերակշռի՝ չգիտեմ»,- նշեց Խրամչիխինը:

 Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ