Վարչապետն օդի՞ց է ընտրվելու, մենք ենք ընտրելու. Շարմազանով
«Մեխն ու չակուչը մեր քաղաքացիների ձեռքում է, ովքեր ձայն եմ տվել յուրաքանչյուր 4 խմբակցություններին»,-այսօր Ազգային ժողովում «Կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքների փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավորներին:
Ընդդմադիր «Ելքը» գտնում է, որ այս փոփոխությունները երկիրը տանում են հետընթացի՝ սուպերվարչապետացման:
Շարմազանովն ասաց, որ այս փոփոխությունները բխում են սահմանադրական բարեփոխումների ոգուց: «Բնականաբար, իմ հարգելի ընդդիմադիր գործընկերների կարծիքների հետ համամիտ չեմ, փորձեմ հիմնավորել»,-ասաց նա ու շարունակեց. «Ամիսներ շարունակ մեր գործընկերները խոսում են վարչապետական կամ սուպերվարչապետական համակարգի մասին« Աշխարհում նման բան գոյություն չունի, գոյություն ունի խորհրդարանական համակարգ, և յուրաքանչյուր խորհրդարանական համակարգը որդեգրած երկրում առաջին ջութակը ոչ խորհրդարանի նախագահն է, ոչ էլ փոխնախագահը, ոչ էլ ֆրակցիայի ղեկավարները, առավել ևս ոչ էլ ընդդիմությունը: Բոլոր խորհրդարանական կառավարման երկրներում առաջին ջութակը կառավարման ղեկավարն է»:
ԱԺ փոխնախագահն, անդրադառնալով հայտարարությանը, թե ինչի պիտի ԱԱԾ-ն, ոստիկանությունը ենթարկվեն վարչապետին, հարցրեց, թե բա էլ ում պիտի ենթարկվեն: Ըստ նրա՝ նման կերպ բարձրացվում է այս մարմինների քաղաքական պատասխանատվությունը: «Մենք պետք է առաջնորդվենք ոչ թե մեր անձնական ցանկություններով, այլ պետական շահով, և տեսանելի ապագայում, այո, ուժային ու անվտանգության կառույցները պետք է լինեն բացառապես կառավարության ղեկավարի անմիջական վերահսկողության ներքո: Երբ մենք ասում ենք խորհրդարանական վերահսկողություն, ինչի՞ մենք չունենք վերահսկողական լծակներ, վարչապետն օդի՞ց է ընտրվելու: Մենք ենք ընտրելու»,-հավելեց նա:
Շարմազանովը անհիմն հայտարարություն համարեց այն, որ ասում են, թե նախագահական լիազորությունները տրվում են վարչապետին:
Դռնփակ նիստերի վերաբերյալ ՀՀԿ-ականն ասաց. «Ինչպես կասեր մեր սիրելի Գալուստ Գրիգորիչը, դռնփակը թաքունը չի»: