Ես կհամոզեմ Սերժ Սարգսյանին. գեներալ (տեսանյութ)
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի խոսքով՝ ՀՀԿ-ում որևէ քննարկում չի եղել՝ կապված վարչապետի թեկնածուի հետ: Այս մասին նա նշեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Henaran.am-ի հարցին, թե իր անձնական կարծիքով նախագահ Սերժ Սարգսյանը պիտի դառնա վարչապետ, նա պատասխանեց. «Սաղ ազգով Աստված պիտի կանչենք, եթե էդ մարդը գա: Համ ասում եք՝ Ալիևը Երևանն է ուզում, համ ասում եք՝ Սերժ Սարգսյանը թող էթա տուն: Բա մեր վիճակն ի՞նչ է լինելու»:
Դիտարկմանը, թե Ալիևին հակառակ է դառնալու վարչապետ, նա արձագանքեց. «Ալիևը տուտ պրիչոմ, որ Ալիևը չլիներ, Սերժ Սարգսյանը պետք չէ՞ր գալու մեզ… 100 հատ ունե՞նք ըտենց, նախագահը միջազգային հանրության առաջ ելույթ է ունենում այդպես ուժեղ, դուք ձեզ լավ չե՞ք զգում: Մենք լավ ղեկավար չենք սիրում, դրա համար էլ էս օրի է էս ազգը: Մենք մեր ամենաուժեղ տղերքին, թագավորներին հայի ձեռով ենք սպանել: Այսօր լավին էլ ենք փնովում, վատին էլ: Բան արած չլիներ, գործ արած չլիներ, ես էլ ձեզ պես կասեի:
Ես չգիտեմ՝ լինելու է, թե չէ, բայց ես, որպես հայ մարդ, ուզում եմ, որ էտ մարդը լինի»:
ՀՀԿ-ական պատգամավորը չի ասում, թե վարչապետ Կարեն Կարապետյանը վատ է աշխատում, սակայն նկատում է, որ ղարաբաղյան հարց կա, այստեղ Սերժ Սարգսյանի միջնորդությունն է պետք:
https://www.youtube.com/watch?v=lDwhnD6tCrk&feature=youtu.be
Սեյրան Սարոյանը հայտարարեց, որ պետք լինի, կհամոզի. «Ես կհամոզեմ Սերժ Սարգսյանին, որ լինի»,-նշեց նա:
Իսկ նախագահի հայտարարությանն անդրադառնալով, թե նա չի լինելու վարչապետ, Սարոյանն ասաց. «Տղայական բազա՞ր է, ինչ է, բերնից բան հելավ, պիտի անի: Քաղաքականություն է, կյանք է, փոխվում է, կրակն ընկա՞վ»:
Ինչ վերաբերում է արտագաղթին, Սարոյանն ասաց. «Գնում էլ են, գալիս էլ են: Էնքան ընկերներ ունեմ, որ գնում են, գալիս են, օդի միջից չեմ ասում: Գնա Մարտունի, տես՝ բոլոր տղամարդիկ էլ տանն են»:
Ըստ Սարոյանի՝ աշխատանք կա, բայց բանվոր գտնելն էլ դժվար է: