27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանի մեսիջները. աննախադեպ հավաք նախագահականում. Ժամանակ

Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում փետրվարի 27-ին խորհրդակցություն է անցկացրել սոցիալ-տնտեսական իրավիճակի թեմայով, որը կարելի է ասել՝ եղել է աննախադեպ ֆորմատով: Բանն այն է, որ այդ խորհրդակցությանը մասնակցել են ոչ միայն կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչները, այլ նաև վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կարապետյանն առաջին անգամը չէ, որ նախագահականում մասնակցում է խորհրդակցությունների, սակայն առաջին անգամն է, որ նա մասնակցում է սոցիալ-տնտեսական իրավիճակի, տնտեսական աճի, հեռանկարների թեմայով խորհրդակցության: Ընդ որում, դրա բովանդակությունը Կարեն Կարապետյանի համար հնարավոր է համարել դրական: Համենայնդեպս, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ տնտեսական աճը կկազմի գրեթե ութ տոկոս: Դա հայտնի 7 տոկոսից բարձր շեմ է, առավել ևս, եթե նկատի առնենք, որ Սերժ Սարգսյանը հրապարակավ հրաժարվել էր «պլան դնել» ներկայիս կառավարության վրա: Բայց նա արձանագրում է նաև, որ կառավարությունը կրկնակի գերակատարել է հենց իր սահմանած պլանները:

Այս ամենը, անշուշտ, իր մեջ ինտրիգ է պարունակում 2018-ի վարչապետի թեմայով: Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունը բավականին խորացնում է այդ ինտրիգը: Բանն այն է, որ դրական գնահատականներին և պլանի գերակատարման արձանագրությանը զուգահեռ, Սերժ Սարգսյանն անում է նաև երկիմաստ հայտարարություններ: Մասնավորապես, նա խոսում է այն մասին, որ աճի ցուցանիշները դեռ պետք է համադրվեն, և վերջնական գնահատականը կտան այդ ժամանակ: «Ակնհայտ է, երբ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակի վերջնական ցուցանիշները, մենք մեր ճշգրտումները, իհարկե, մտցնելու ենք»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Այլ կերպ ասած՝ նա բաց է թողնում մանևրի ճանապարհը և հետաքրքիր է, թե ինչ ճշգրտումներ կլինեն, և արդյո՞ք դրանք կարող են ճակատագրական նշանակություն ունենալ վարչապետի թեկնածության հարցում: Ի վերջո ակնհայտ է, որ կա լուրջ խնդիր՝ եթե չեն լինում ֆորս-մաժորներ, ապա ինչպե՞ս հիմնավորել պլան գերակատարող վարչապետին այդ պաշտոնում դարձյալ չառաջադրելու որոշումը: Եվ այդ իմաստով ուշագրավ են խորհրդակցությանը Սերժ Սարգսյանի մյուս մեսիջները, մասնավորապես աճի ներառականության մասով, ինչպես նաև մեկ տարվա աճի անբավարար լինելու մասով: Մյուս կողմից, սակայն, եթե մեկ տարի աշխատող վարչապետը կարող է աճ ապահովել մեկ տարում, երկու-երեք տարի ապահովելու համար պետք է աշխատել այդքան:

Կտա՞ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին այդ հնարավորությունը: Դրան այսօր հավատում կամ հավանական համարում են շատ քչերը: Մեծացրե՞ց դրա հավանականությունը Սերժ Սարգսյանի մոտ անցկացված խորհրդակցությունը, թե՞ ոչ: Սա մի հարց է, որի պատասխանը ամենևին միարժեք չէ: Մյուս կողմից ինքնին հետաքրքիր է, թե ինչու է Սերժ Սարգսյանն ընդհանրապես հրավիրել այդ խորհրդակցությունը և փաստացի ընդհանուր հաշվեկշռում ճանաչել Կարեն Կարապետյանի կառավարության հաջողությունը, եթե դա ամենևին չի նպաստում նրան հեռացնելու քաղաքական ծրագրին: Թե՞ այդ ծրագրով Կարեն Կարապետյանի յուրօրինակ «շնորհակալության» հերթն է:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ