Ամենուր հնչում էր Ցեղասպանություն բառը
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը և ազգագրագետ Հարություն Մարությանն այսօր լրագրողներին ներկայացրին հունվարի 19-ին` Հրանտ Դինքի սպանության տարելիցի հետ կապված ֆորումի արդյունքները: Պատգամավորը հայտնեց, որ ոգեկոչման ֆորումի նախաձեռնողները Անկարայի մտքի ազատության կենտրոնը և ՛՛Արևմտահայոց ազգային համագումարն” էին:
Ֆորումը տեղի է ունեցել Անկարայում: Ընդունվել է հայտարարություն, որում պատգամավորը շեշտեց հետևյալ կետերը.
”Ճանաչում, ներողություն և հատուցում: Վերջ տալ պատմության ժխտման գործողություններին, անձնագիր և քաղաքացիություն, վերադարձ և վերաբնակեցում, հասանելի դարձնել կալվածատիրական արխիվն ու վերջ տալ գործող սահանափակումներին, հասանելի դարձնել Օսմանյան արխիվները, ներառյալ զինված ուժերի արխիվը, լքված գույքի արձանագրությունների բացահայտում, քաղաքացիական և առևտրային հաստատություններին հանձնած գույքեր, դեռևս պետության տրամադրության տակ գտնվող գույքեր, առևանգված կանայք և որբեր, հավաքական պատասխանատվություն”:
Հայկական կողմն այս հայտարարության ներքո չի ստորագրել, քանի որ իրենց պահանջներն ավելի շատ են, փոխարենը ստորագրել են Թուրքիայի քաղաքացիներ:
Հարցին, թե արդյոք չեն կարծում, որ սա Թուրքիայի կողմից միտումնավոր է արվում, որպեսզի հետո նշեն, որ հայ-թուրքական հարաբերություններն ընթանում են բնականոն հունով, ազգրագրագետը պատասխանեց. ”Սա ոչ կառավարական կազմակերպությունների հավաք էր և միտում կտեսնեի, եթե կառավարության միջոցով արվեր, հակառակ դեպքում Արևմուտքը կարող էր ասել` դուք չեք ուզում որևէ մեկի հետ զրուցել, ու ձեր դիրքորոշումը տեղ հասցնել”:
Ի դեպ, Արագած Ախոյանը տեղեկացրեց, որ ֆորումին ամենուր հնչում էին Ցեղասպանություն, ճանաչում բառերը: