Մեքենան այրվել է, տուժած վարորդն էլ թռել է բժշկական կենտրոնի պատուհանից
Փետրվարի 16-ին, ժամը 22.40-ին, Ախուրյան գյուղի բնակիչ, 34-ամյա Արտյոմ Հարությունյանը Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցում իր Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց և բախվել էլեկտրասյանը: Ավտոմեքենան մասամբ այրվել է:
Վթարի հետևանքով Ա. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Տուժածի մոտ առկա է եղել ալկոհոլային հարբածություն, զույգ նախաբազուկների կտրվածքներ, հետազոտումից հետո նաեւ նախնական ախտորոշմամբ հայտնաբերվել է գանգուղեղային փակ վնասվածք: Մինչ բժիշկները տղային բուժօգնություն են ցուցաբերել, եւ փորձել են հիվանդասենյակում տեղավորել, տուժածն անկանոն վարք է դրսեւորել, աղմկել:
Գյումրի բժշկական կենտրոնից տեղեկացրեցին, որ տուժածը չի ենթարկվել բուժանձնակազմի ցուցումներին, բացել է պատուհանն ու դուրս է ցատկել:
Տարածքից հեռանալ չի կարողացել: Բժշկական կենտրոնի բակում հսկողություն իրականացնող իրավապահները բռնել, տարել են:
Բժիշկների հավաստմամբ տուժածը լուրջ վնասվածքներ չի ունեցել, հոսպիտալացման կարիք չի ունեցել: Բուժօգնությունը ցուցաբերվել է ամբուլատոր պայմաններում: