Եթե հիմա խնդիր չեք դնելու իրենց առաջ, ժամանակը ցույց չի տալու. վարչապետը՝ փոխնախարարին
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթի օգտագործման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին որոշման նախագիծը:
Ըստ այդմ՝ ՊՈԱԿ-ների գործունեությունից ստացված շահույթը օգտագործվում է իրենց կանոնադրական նպատակների իրականացման համար, սակայն, միևնույն ժամանակ, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն տրվում է միայն օրենքով սահմանված լինելու ու հիմնադրամի որոշմամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում: Նա ընդգծեց, որ սոցապնախարարության մի շարք ՊՈԱԿ-ներ հնարավորություն ունեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, սակայն, քանի որ հիմնադրամի կողմից այդ ուղղությունները սահմանված չեն, չեն կարողանում իրականացնել: «Այս փոփոխություններով մենք ուղղակի սահմանում ենք այդ ուղղությունները և նրանց հնարավորություն ենք տալիս , որպեսզի կարողանան գործունեություն ծավալել»,-ասաց Արայիկ Պետրոսյանը:
«Եթե ՊՈԱԿ-ները այդ հնարավորություններն ունեին , ինչո՞ւ ենք իրենց սահմանափակել, երկրորդը՝ կանխատեսում ունե՞ք՝ ինչքան ենք շահույթ ունենալու»,-հետաքրքրվեց վարչապետ Կարեն Կարապետյանը: «Եղած պայմաններն ու հնարավորությունները լավատեսորեն են տրամադրում, որովհետև կան իսկապես անհրաժեշտ պայմաններ »,-ասաց փոխնախարարը: Վարչապետն էլ հետաքրքրվեց՝ «ինչքա՞ն լավատեսորեն»: Արայիկ Պետրոսյանն ասաց, թե ժամանակը ցույց կտա: «Եթե հիմա խնդիր չեք դնելու իրենց առաջ, ժամանակը ցույց չի տալու»,-ասաց Կարեն Կարապետյանը: