«Արամ Մանուկյանը չի կարող ներկայացվել խալաթանման հագուստ հիշեցնող տեսքով»
Երևանի ավագանin փետրվարի 13-ին կայանալիք նիստի օրակարգում է ներառվել մայրաքաղաքում Առաջին հանրապետության վարչապետ Արամ Մանուկյանի արձանը տեղադրելու մասին հարց: Արամ Մանուկյանի արձանը կտեղադրվի Արամի եւ Նալբանդյան փողոցների հատման կետում՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերնամասում:
Հիշեցնենք՝ 2017 թվականի հունիսի 19-ին քաղաքապետի կողմից բաց մրցույթ է հայտարարվել, ըստ որի՝ պետք է ստեղծվի հուշարձան, որը պետք է մարմնավորի հայոց նորագույն պետականության հիմնադրի, պետական եւ հասարակական գործիչ Արամ Մանուկյանի կերպարը, արտահայտի նրա ազգային-գաղափարական արժեքը:
Նախատեսվում է, որ արձանը կտեղադրվի 2018 թ․ մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա հոբելյանի շրջանակներում:
Մրցութային հանձնաժողովի սեպտեմբերի 29-ին կայացած նիստում հաղթող է ճանաչվել Հայաստանի վաստակավոր նկարիչ, քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած արձանը։
Օրերս այս արձանի վերաբերյալ բուռն քննարկումներ ծավալվեցին ինչպես մամուլում, այնպես էլ համացանցային տիրույթում։ Շատերին այս արձանի էսքիզն ամենևին դուր չի եկել, քննադատական կարծիքները շատ են։
Վերոնշյալ թեմայի վերաբերյալ Henaran.am-ի թղթակիցը զրուցել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի հետ։
«Արդեն իսկ հարցազրույցներում և համացանցում հայտնել եմ իմ կարծիքը հուշարձանի վերաբերյալ․ կարծիքս բացասական է։ Իմ պատկերացմամբ պետական, հասարակական գործիչ Արամ Մանուկյանը չի կարող ներկայացվել խալաթանման հագուստ հիշեցնող տեսքով։ Խալաթանման բառը օգտագործեցի, քանի որ մեր հրապարակումների մեկնաբանություններում օգտատերերի մեծ մասն է այդ բառով արտահայտվել։ Առաջին պահին նկարը երբ հրապարակեցի, մտածում էի միգուցե ես եմ անճաշակ (ծիծաղում է – հեղ․), բայց մարդկանց արձագանքը ամեն ինչ տեղը գցեց», – ասաց Անի Խաչատրյանը: