Բունդեսթագը դատապարտում է Թուրքիայի գործողությունները Սիրիայում
Գերմանիայի խորհրդարանի (Բունթեսթագ) հերթական նիստերից մեկում քննարկվել է Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը:
Թուրքական «Ensonhaber» լրատվամիջոցի համաձայն՝ Գերմանիայի «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» և «Ձախերի» կուսակցությունները համակարծիք են եղել, որ Թուրքիայի կողմից նախաձեռնած գործողությունը «միջազգային օրենքների խախտում է»:
Մասնավորապես «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» կուսակցության անդամ Ռոդրիկ Կիսեվետերն ասել է, որ Գերմանիայի կողմից Թուրքիային մատակարարվող գերմանական տանկերի վաճառքի կասեցումը ճիշտ որոշում է եղել:
Նրա խոսքերով՝ Սիրիայում Թուրքիայի այս գործողությունները նախօրոք ծրագրված է եղել:
Իսկ Գերմանիայի «Ձախերի» կուսակցության համանախագահը քննադատել է Գերմանիայի կառավարությանը, որ անհրաժեշտ ճնշում չի գործադրում Թուրքիայի իշխանության վրա:
«Թուրքիայի բանակն Աֆրինում սպանում է խաղաղ բնակչությանը, սակայն կանցլեր Անգելա Մերկելը լռում է: Ձեր լռությունը նշանակում է ծնկի գալ Էրդողանի առջև: Վերջ տվեք այս լռությանը և վերջ դրեք Թուրքիայի հետ ծրագրված բոլոր տեսակի ռազմական համագործակցություններին»,-ասել է Կիպպինգը:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։