Ծննդյան տոնին մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանը /ֆոտ/
Հունվարի 6-ին` մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնին, Միածնաէջ Մայր Տաճարում Ս. Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Ըստ Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի, թե պատարագի սկզբում հայրապետական խաչվառազարդ թափորը Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ամպհովանիով առաջնորդեց Մայր Տաճար: Ամպհովանակիրներն էին` սուդանահայ բարերար Հրաչ Մարտիկյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանը, արվեստաբան Հրավարդ Հակոբյանը եւ ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը: Նորին Սրբությանը որպես առընթերականեր սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը եւ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Ս. Ծննդյան Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ավետեց Տիրոջ ծննդյան բարի լուրը եւ այդ առիթով հայրապետական իր պատգամն ուղղեց համայն հայությանը:
Ս. Պատարագից հետո Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց Ջրօրհնեքի արարողությունը: Մայր Տաճարում ջրօրհնեքի Խաչի կնքահայրն էր Հայ Եկեղեցու մոսկվաբնակ բարերար Հայկ Մաղաքելյանը:
Ս. Պատարագի արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ կառավարության անդամներ, Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամներ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, կրթության, գիտության եւ մշակույթի ներկայացուցիչներ:
Ս. Պատարագից հետո Ալեք եւ Մարի Մանուկյան Գանձատան սրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Նորին Սրբությունը վերստին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց ներկաներին Ս. Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնի առիթով: