Երեխաներ ունեցող ուսանողների ուսման վարձի փոխհատուցման համար հայտերը կընդունվեն մինչև փետրվարի 28-ը
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը մինչև փետրվարի 28-ը երկարաձգում է ՀՀ պետական բուհերի բակալավրիատի առկա համակարգում սովորող, երկու և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների՝ 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար դիմում-հայտերի ընդունումը:
Հիշեցնենք, որ դիմելու պահին ուսանող-ծնողների տարիքը չպետք է գերազանցի 36-ը։ Դիմորդը պետք է առաջին կուրսից սովորած լինի առկա համակարգում, ոչ թե հեռակայից տաղափոխված լինի առկա համակարգ։
Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողներն իրենց դիմում-հայտերը պետք է ներկայացնեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ աշխատանքային օրերին՝ ժամը 10.00-17.00 (ընդմիջում՝ 13.00-14.00)։
Հայտատուները պետք է ներկայացնեն՝
- Դիմում (լրացվում է տեղում)
- Անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենը
- Մեկ լուսանկար (3×4)
- Ուսանողական տոմսի պատճենը (եթե տվյալ բուհում կիրառվում է)
- Ստուգման գրքույկի պատճենը՝ հաստատված դեկանի կողմից
- Տեղեկանք բուհից (պարտադիր պետք է նշված լինի առկա և վճարովի համակարգում սովորելու փաստը, ուսման վարձի չափը, ուսանողն օգտվում է բուհում գործող զեղչից, թե ոչ (զեղչից օգտվելու պարագայում անհրաժեշտ է նշել նաև զեղչված գումարի չափը)
- Երեխաների ծննդյան վկայականների պատճենները
- Փոխանցման հաշիվ։