Հայկ Կյուրեղյանի բողոքը ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել/տեսանյութ/
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել Հայկ Կյուրեղյանի նկատմամբ բռնություն կիրառելու մասով գործը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը:
«2014 թվականի ամռանը՝ Հայկ Կյուրեղյանը Կենտրոն Նորք մարաշ դատարանի դիմաց օդամղիչ ատրճանակով իրականացրեց իր ակցիան ու ձերբակալվեց: Ոստիկանական մեքենայի մեջ և նաև ոստիկանության բաժանմունքում Հայկ Կյուրեղյանի վրա բռնություն է կիրառվել, որի մասին նա բարձրաձայնել է առաջին իսկ օրից: Նրան այցելած իրավապաշտպանները նկատել և արձանագրել էին նրա դեմքի և մարմնի վրա երևացող կապտուկները, սակայն ՀՔԾ-ում փաստի առթիվ հարուցված քրեական գործը ավարտվեց ոչնով»,-նշեց փաստաբանը:
Վարոսյանի խոսքով՝ ՀՔԾ-ն հավաստել է, որ ոստիկանների գործողությունները իրավաչափ են եղել և կարճել է գործը ու սա այն դեպքում, որ Հայկը վնասվել է վնասազերծման ժամանակ: Հայաստանյան բոլոր ատճաններում գործը բողոքարկելուց հետո նրա շահերի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ և օրերս ստացել է պատասխանը՝ ՄԻԵԴ-ը քննության կառնի գործը:
Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկած Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկանները նրան վնասազերծել եւ բերման էին ենթարկել։ Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ», եւ 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով: Դատախազը պահանջել է 14 տարվա ազատազրկման դատապարտել նրան: Հայկ Կյուրեղյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման:
Մանրամասները՝ տեսանյութում: