19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տարվա սկանդալն ու հումորային հայտարարությունը. Henaran.am-ի ամփոփումը

2017 թվականը կարծես թե ջրբաժան տարի դարձավ քաղաքական դաշտում: Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունները հիմնականում ուղենշեցին առաջիկա 5 տարվա քաղաքական զարգացումները: Եթե իշխանության մասով քարոզարշավի ընթացքում էլ պարզ էր, որ ՀՀԿ-ն մեծամասնություն է նորից ունենալու թե խորհրդարանում, թե քաղաքական դաշտում, ապա հարցականներ կային ընդդիմադիր դաշտում: «Ելք» դաշինքի մուտքով խորհրդարան արձանագրվեց, որ ընդդիմությունը ինչ-որ չափով որակյալ փոփոխվում է: Հիշենք, որ դաշինքի ձևավորման սկզբում ասվում էր, որ իրենք ինստիտուցիոնալ ընդդիմություն են և չեն կրկնելու նախորդ 25 տարիների ընդդիմության սխալները:

Ընտրությունների քաղաքական շոկը, թերևս, «Հայկական վերածննդի» («Օրինաց երկիր») և Հայ ազգային կոնգրեսի՝ խորհրդարան չանցնելն էր: Այսպես, խորհրդարանում կան 4 խմբակցություններ՝ Հայաստանի հանրապետական կուսակցության, ՀՅԴ, «Ելք» և «Ծառուկյան» դաշինք:

Ի դեպ, չտեսնված բան եղավ. Ընդդիմությունը չբոյկոտեց, նշանակում է՝ ընդունեց ընտրությունների արդյունքները:

Սա անցած տարվա կարևորագույն իրադարձությունն էր, որ առանձնացրել է Henaran.am-ն իր ամփոփման մեջ:

2-րդ կարևոր իրադարձությունն էլ սրան անմիջապես հետևած Երևանի ավագանու ընտրություններն էին: «Հանրապետական» այստեղ էլ հաղթանակ տարավ, իսկ ընդդիմադիրներ ավագանիներն են «Ելք»ն ու նախկին պատգամավոր, նախկին ժառանգական Զարուհի Փոստանջյանի հիմնած «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:

Հայաստանի մեծագույն հաջողությունը, կարծում ենք, բոլորը կհամաձայնեն՝ Բրյուսելուն Եվրամության՝ Հայաստանի հետ նախաստորագրվածհամապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումն էր: Սա ավելի շատ քաղաքական փաստաթուղթ է, իհարկե, տնտեսական առւմով ևս կարող է նպաստավոր լինել: Ինչպես փորձագետներն են ասում՝ քաղաքական կամք է անհրաժեշտ կետերն իրագործելու համար, այդ դեպքում առաջընթաց կարող է լինել նաև մարդու իրավունքների և ժողովրդավարության զարգացման առումով:

Չմոռանանք նաև նախագահի ելույթները ՄԱԿ-ի ամբիոնից, վերջերս համայնքապետերի հետ հանդիպմանը, ԱԱԾ-ի ժամանակ: Թերևս հարցական է մնում թիվ մեկ քաղաքական հարցը, որ լուծվելու է 2018 թվականի գարնանը. ի վերջո, ո՞վ է լինելու վարչապետ, ո՞վ է ստանձնելու Կառավարության, հետևաբար նաև երկրի ղեկը արդեն խորհրդարանական դարձած Հայաստանի հանրապետությունում: Նախագահ Սարգսյանն, ըստ էության, այդ հարցին մի քանի անգամ պատասխանել է, սակայն դեռ չի ասել իր որոշման մասին: Ինչպես նա, այնպես էլ ՀՀԿ-ականներն ասում են՝ ժամանակը կգա, քննարկում կլինի, պարզ կլինի: Սակայն այստեղ չենք մոռանում նաև վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը՝ ցանկություն ունեմ մնալ այս պաշտոնում:

Կարևոր էին նաև ապրիլյան պատերազմից հետո քաղած դասերի գործնականի վերածումն ու Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջ քաշած երկու նորագույն ծրագրերը՝ «Պատիվ ունեմ» և «Ես եմ»: Արցախյան հարցի հետ կապված՝ նշանակալի էր նախագահների հանդիպումը Ժնևում, և Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի կոչելու անհրաժեշտությունը կրկնելը համանախագահների կողմից:

Չեխիան այս տարի ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ինչի համար երկար ժամանակ դիվանագիտական պայքար էր տարվում հայկական կողմից: 2018-ին մի շարք եվրոպական երկրներում միտում կա այս գործընթացը շարունակել:

Ակցիաներ տարվա ընթացքում շատ չեն եղել. Ներկայումս պայքարի են ելած աջ ղեկով մեքենաների ներկրման դեմ գնացող վարորդները: Հաջորդ տարի կերևա, թե ինչ արդյունք կտա նրանց պայքարը: Աչքի ընկած պայքարը ուսանողներինն էր, ովքեր պայքարում են տարկետման իրավունքի սահմանափակման դեմ: Խորհրդարանականների և գործադիրների հետ հանդիպումը, նրանց իսկ խոսքերով, արդյունք չտվեց: Օրենքի փոփոխությունը ստորագրված է նախագահի կողմից: Նորից հաջորդ տարի կտեսնենք, թե արդյոք պայքարը կշարունակվի, կընդգրկվեն նրանք կառավարության աշխատանքային խմբերում՝ առաջ քաշելով իրենց գաղափարները, թե ոչ:

Այս տարի էր, որ Արցախի հերոս Սամվել Բաբայանը դարձավ դատապարտյալ, և մեկնարկեցին Ժիրայր Սեֆիլյանի ու «Սասնա ծռերի» գործերով դատական նիստերը, որ դեռ ընթացքի մեջ են:

Կրկին նախագահն իր ելույթում սպառնաց Թուրքիային, որ 2018-ի քաղաքական գարունը կարող է լինել առանց արձանագրությունների, եթե Թուրքիան շարունակի նույն կերպ՝ նախապայմաններով առաջ ընթանալ:

Գալով սպորտին՝ տարվա և նույնիսկ ամբողջ մարզական պատմության մեջ բացառիկ դեպք էր, որ Ռուսաստանին Օլիմպիական կոմիտեն զրկեց սեփական դրոշով հանդես գալու իրավունքից: Այսպես. Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) արգելեց Ռուսաստանի հավաքականին մասնակցել 2018 թվականին Հարավային Կորեայում կայանալիք ձմեռային Օլիմպիադային` «հակադոպինգային համակարգում կատարված շարունակական և աննախադեպ կեղծիքների պատճառով»: ՄՕԿ-ը հայտարարեց` որոշ ռուս մարզիկներ կարող են անհատապես մասնակցել խաղերին` հանդես գալով չեզոք` Օլիմպիական դրոշի ներքո:

Ձմեռային խաղերի պատմության մեջ առաջին անգամն է, որ որևէ երկիր զրկվում է մասնակցությունից։ ՄՕԿ-ի աննախադեպ այդ որոշմամբ որակազրկվել է նաև Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն, իսկ փոխվարչապետ Վիտալի Մուտկոն ու Սպորտի հարցերով փոխնախարար Յուրի Նագորնիխը ցկյանս զրկվել են օլիմպիական ավաններ այցելելու իրավունքից: Ռուս պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներից բացի, ՄՕԿ-ը պարտավորեցրել է Ռուսաստանին 15 միլիոն դոլար վճարել` դոպինգային խախտումների շուրջ հետաքննության ծախսերը փոխհատուցելու համար: Հետաքննությունների արդյունքում պարզվել էր, որ 2014-ի Սոչիի Օլիմպիադայից առաջ ռուսները աննախադեպ կեղծիքների են դիմել, տասնյակ մարզիկներ արգելված խթանիչներ են օգտագործել, ընդ որում, այդ խախտումները վերահսկվել են պետական մակարդակով: Հետաքննությունների արդյունքում Ռուսաստանի հավաքականը զրկվել է 11 մեդալներից, 25 մարզիկ էլ զկյանս որակազրկվել է:

Աշխարհը ցնցեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրությունը, ապա և նրա կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչել: Ցավոք սրտի, այս տարի էլ անմասն չմնացինք ողբերգություններից:

 Լաս Վեգասի ահաբեկչությունը ԱՄՆ-ի պատմության մեջ ամենազոհառատն էր, դրան հետևեցին ահաբեկչություններ Բարսելոնայում, Գերմանիայի տարբեր հատվածներում: Աշխարհում ամենաքննարկված թեմաներից էին Կատալոնիայում անցկացված հանրաքվեն, որով առանձնացան Իսպանիայից, Ֆրանսիայի նախագահի ընտրությունները. բավական երիտաարդ թեկնածու Էմանուել Մակրոնը նախագահ դարձավ:

Կրկին տեղափոխվելով Հայաստան՝ հիշենք նաև, որ բուռն քննարկման առիթ հանդիսացան Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի գրառումներն այն մասին, թե ոմն պաշտոնյա խնդրել է բժիշկներին տրամադրել հիվանդության համար համապատասխան փաստաթուղթ, որպեսզի չծառայի: Երևի թե հենց սրանք էլ կարելի է որակել որպես ամենասկանդալային գրառումները տարվա ընթացքում:

Իսկ ամենահումորային այս տարի կրկին գեներալ, ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանի անկեղծ հայտարարություններն էին, հատկապես վերջինները, որ նա արեց խորհրդարանական աշխատանքային վերջին օրը: «Մի Նիկոլն ինչ ա, բոլորիս դարձրել ա կորկուռի ձագ»,-ասել էր գեներալը, հետո էլ Հ1ի եթերում էր խոսել ազգային արժեքներից, որոնց ևս ֆեյսբուքում բուռն քննարկման արժանացան:

Իհարկե, իրադարձությունները շատ էին, բոլորը չէ, որ տեղավորվում են այստեղ: Իսկ արդեն 2018 թվականը պիտի որ հագեցած լինի կադրային փոփոխություններով, հավանաբար տնտեսական որոշակի աճով, 2019-ին ավելի լավ ապրելու, ավելի բարձր աշխատավարձեր ունենալու սպասելիքներով ու դրանց ուղղված գործնական հաջողություններով…Ամեն դեպքում, Ձմեռ պապից երևի թե բոլորն են դա խնդրում...

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ