Կանեւսկոյի գերեզմանին եկած քրեականները Հայաստանում են. Հրապարակ
Դեկտեմբերի 18-ին Հայաստան են ժամանել բազմաթիվ քրեական հեղինակություններ Ռուսաստանից ու տարբեր երկրներից՝ մասնակցելու օրենքով գող Արմեն Կանեւսկոյի մահվան հերթական՝ 7-րդ տարելիցին: Նրանց դիմավորել է Արմեն Կանեւսկոյի եղբայրը՝ Արտյոմը: Թերթի տեղեկություններով՝ քրեական հեղինակությունների քանակն այս տարի աննախադեպ մեծ է եղել՝ 600-ից ավելի մարդ է ժամանել Հայաստան:
Նրանց մի մասը դեկտեմբերի 15-ից սկսած է ժամանել: Հիմնականում եկել են Ռուսաստանի Դաշնության տարբեր մարզերի օրենքով գողեր, նաեւ՝ հեղինակություններ Հունաստանից: Կանեւսկոյի՝ Շահումյանի գերեզմանատանը գտնվող շիրիմին այցելելուց հետո հյուրերը գնացել են այդ տարածքում գործող «Սան Լազար» սգո սրահ՝ սեղանի շուրջ իրենց «ախպորը» հիշելու:
Ներկաների քանակն այնքան մեծ է եղել, որ սրահի երկու հարկերն էլ լեփլեցուն են եղել, իսկ մեքենաներն էլ մոտ մեկ ժամ չեն կարողացել դուրս գալ տարածքից: Ներկաների մեծ մասը դրսի հյուրեր են եղել: Տեղական հայտնի հեղինակություններից էլ, թերթի տեղեկություններով, գրեթե մարդ չի եղել, քանի որ Կանեւսկոյի «կռուգը»՝ ի դեմս Արտյոմի, հայաստանյան քրեական հեղինակությունների հետ մտերմություն չի անում: Տեղական հայտնի դեմքերից եղել է 90-ականների հայտնի հեղինակություն, ազգությամբ եզդի Ճակոյի եղբայրը՝ Ռաֆոն, ով նույնպես օրենքով գող է:
Ներկա են եղել նաեւ Աժ նախկին պատգամավորներ Բուռնաշը՝ Աշոտ Աղաբաբյանը, եւ ԲՀԿ-ական Վահան Կարապետյանը՝ Չերրիի Վահանը: Դրսից ժամանած հյուրերի մի մասը՝ Կանեւսկոյի ամենամտերիմները, մնացել են Հայաստանում, դեռ չեն մեկնել ու այս օրերին իրենց ժամանակն անցկացնում են հիմնականում Կանեւսկոյ Արտյոմի հետ: Հյուրերի հիմնական մասը սովորաբար հանգրվանում Է Արթուր Բաղդասարյանի եղբորը պատկանող «Իմպերիալ» հյուրանոցում:
Նշենք, որ Կանեւսկոյի շրջապատը տարին երկու անգամ այսպիսի մեծ հավաք է կազմակերպում Հայաստանում՝ մեկ ապրիլին, երբ գալիս են նշելու Արմենի ծննդյան օրը, մեկ Էլ՝ դեկտեմբերին՝ նրա մահվան տարելիցի օրը: Քրեական հեղինակությունների ժամանմանն ամեն տարի հատուկ պատրաստությամբ սպասում են հատկապես այն հյուրանոցներն ու ժամանցի կենտրոնները, ուր այցելում են քրեական հեղինակությունները, քանի որ այդ օրերին լավ շրջանառություն եւ եկամուտ են ունենում:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում :