27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,,,

ՏԱՐ ԻՆՁ, ԺԱՄԱՆԱԿ

Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:

Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
Դառնում է արդեն խորին հնություն:

Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:

Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:

Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,
Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,
Որ չմոլորվեմ քո ոլորտներում
Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:

Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:

ԱՅՍ ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐՆ

Այս քարանձավներն` անկոպ ու անբիբ
Աչքերն են անգիր հավիտենության:
Այս պարզ ու պղտոր գետերն աշխարհի
Ասքերն են անգիր հավիտենության:
Կիրճեր կուլ տված կիրճերն այս մթին
Պատկերն են անգիր հավիտենության:
Արեգակն, անձրևն, օդն այս` մեզ տալիք
Պարտքերն են անգիր հավիտենության:
Կռիվ, կոտորած, դավ ու դառնություն—
Մեղքերն են անգիր հավիտենության:

…ԵՎ ԱՐԺԵ՞Ր ԱՐԴՅՈՔ

…Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:
Մի տուն, մի գլուխ պահելու համար,
Ժամանակավոր
Մի անմահություն շահելու համար
Արժե՞ր, որ այդքան կորուստներ տայիր:

Արժե՞ր, որ այդքան ժայռեր փշրեիր
Քարքարոտ մի հուն մտնելու համար,
Պարզ ու նախնական
Մի ճշմարտություն կրկնելու համար,
Մի բուռ ինքնություն գտնելու համար
Արժե՞ր, որ այդքան, այդքան փրփրեիր:

Արժե՞ր, որ այդքան դու քեզ քրքրեիր,
Երբ որ ուժերդ չէին ներելու`
Քո իսկ էության
Փախած բևեռներն իրար բերելու,
Արժե՞ր, որ այդքան հոգսեր կրեիր:

Երբ ամպրոպի պես չէիր պայթելու,
Չէիր վանելու այս մեղկ մարդկության
Եվ մարդու մեղքերն` աշխարհից հեռու,
Արժե՞ր, որ այդքան դու որոտայիր,
Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:

ՈԻՇ ԱՇՆԱՆ ԵՐԳԸ

Չվող թռչուններն անցան գնացին
Պարան առ պարան,
Շարան առ շարան անցան գնացին:
Ականջների մեջ
Վերջին որոտի կանչերը տարան
Ու վերջին կանաչ-կարմիրը տարան
Իրենց թեերին:
Աչքերում իրենց թափուր մնացած
Բույն-օջախների պատկերը տխուր
Եվ կտուցներին` իրենց թափառիկ,
Անգուշակելի ծիվ-ծիվը տարան:
Չվող թոչուններն անցան գնացին
Շարան առ շարան…
Մնացողները կծիկ են դառնում
Թրջվելու վախից
Եվ կամաց-կամաց բներն են քաշվում:
Ծառերը մրսած մատ ների վրա
Իրենց քրքրված ստվեր-կմախքի
Կողերն են հաշվում:
Մի ուշքը շաղված շնչահատ քամի,
Շուրթերի վրա
Խոնավ շրշյունը խազալ-խաշամի,
Սատանան գիտի թե ո՞ւր է տանում:
Ցուրտ է, կմեռնի մամուռն անտառում:

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ