Պատերազմ է պարտադրվում
Օրերս «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով արցախյան հակամարտությանը, նշեց․ «Ես մի անգամ ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ, որ հնարավոր չէ մի ձեռքով բանակցել, մի ձեռքով կրակել։ Բանակցությունները կրակոցներ չեն սիրում, և այդպիսի պայմաններում հնարավոր չէ գալ ինչ-որ մի համաձայնության»։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը համաձայն չէ այն պնդմանը, թե հնարավոր չէ մի ձեռքով բանակցել, իսկ մյուս ձեռքով կրակել։ Այս մասին քաղաքագետը նշեց Henaran.am-ի հետ զրույցում։
«Դիվաագիտությունը հենց դրանում է, որ կարողանաս մի ձեռքով բանակցել, մի ձեռքով էլ պատրաստվես պատերազմի, որովհետև դա ոչ թե մենք ենք ուզում, այլ մեզ պարտադրում են։ Երկրորդ՝ այստեղ խնդիրն այն է, որ այո՛, մենք չենք ուզում կրակել, բայց ադրբեջանական կողմը բացարձակ մտադրություն չունի խնդիրը լուծել բանակցությունների միջոցով։ Ալիևը բազմիցս իր ելույթների ժամանակ նշել է ՝ կամ հարցը կլուծվի իրենց ցանկությամբ՝ կամ ամեն ինչ, կամ ոչինչ սկզբունքով, կամ էլ իրենք ոչինչ չեն ընդունում, այնսինքն՝ այն, ինչ առաջարկում է հայկական կողմը՝ այն է՝ փոխզիջումների տարբերակով լուծել արցախյան հիմնախնդիրը, իսկ նրանք դա բացարձակ չեն ընդունում։ Չընդունելով հայկակական կողմի առաջարկած տարբերակը՝ Ադրբեջանը անընդհատ զինադադարի խախտման փորձեր է անում, անընդհատ տեղի են ունենում դիվերսիոն փորձեր, կամ կարճատև պատերազմ, ինչպես եղավ 2016-ի ապրիլին։ Այնպես որ, առաջին հերթին մենք պիտի պատերազմի պատրաստվենք, որովհետև լավ գիտենք ՝ ում հետ գործ ունենք, հետո մնացածը թողնենք բանակցությունների վրա։ Ուժեղ երկրները կամ ուժեղ կողմերից հանդես եկող կողմերը միջազգային պրակտիկայում հենց այդ ձևն են օգտագործում բնանակցությունների ընթացում, ինչպես, օրինակ, Իսրայելը», -նշեց քաղաքագետը։
Վերջինս շեշտեց՝ մեր հակառակորդը խաղաղ բանակցությունների պատրաստ չէ։
«Այդ երկիրը ոչ միայն հրադադար է խախտում, այլև դիվերսիաներ է կազմակերպում և կարճատև պատերազմներ է մեզ պարտադրում։ Այնպես չէ, որ հայկական կողմը պատերազմ է ուզում, ամենևին․ հայկական կողմը պատերազմ չի ուզում, բայց պիտի ցավով ընդունենք, որ դա մեզ պարտադրում են», – նշեց քաղաքագետը։