08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Տարոն Մարգարյանը որդու հետ է վառել գլխավոր տոնածառի լույսերը /ֆոտո/

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որդու՝ փոքրիկ Մուշեղի հետ միասին Հանրապետության հրապարակում հանդիսավորությամբ միացրել է հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը, որով էլ տրվել է մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը: 

38 հազար լուսադիոդային սարքերով ու 500 խաղալիքներով զարդարված մայր եղեւնին յուրովի շքեղությամբ է ներկայացել Հանրապետության հրապարակում հավաքված երեւանցիներին ու քաղաքի հյուրերին: Հանդիսությունն ուղեկցվել է տոնական համերգով, որին մասնակցել են հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը, համույթներ, նվագախմբեր եւ երգչախմբեր:

Գլխավոր տոնածառի լույսերի միացմանը զուգահեռ՝ լուսավորվել են նաեւ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տոնածառերը, գործարկվել են գլխավոր ու երկրորդական փողոցներում տեղադրված տոնական լուսավորության համակարգերն ու մայրաքաղաքի լուսադիոդային տոնական զարդարանքները, այդ թվում նաեւ շատրվանները:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ լույսերի միացումով, ըստ էության, ազդարարվեց ամանորյա միջոցառումների մեկնարկը.

 “Ինչպես նկատել եք, այս տարի մի փոքր ավելի վաղ ենք սկսել թե՛ ձեւավորումը, եւ թե՛ ընդհանրապես միջոցառումները: Քաղաքապետարանն արել է հնարավորը, որ մեր բնակիչների մոտ տոնական տրամադրությունն ավելի երկար լինի, եւ ամանորյա տոները մեր փոքրիկների, ինչու չէ, նաեւ մեծերի համար իսկապես հիշարժան լինեն: Առիթն օգտագործելով՝ ուզում եմ նաեւ կոչ անել մեր սիրելի երեւանցիներին՝ ավելի ակտիվ լինեն եւ մասնակցեն տոնական միջոցառումներին”, – նշել է Տարոն Մարգարյանը:

 

Տոնածառի լույսերը վառելուց հետո Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Հյուսիսային պողոտա, որտեղ Երեւանի քաղաքապետարանը  “Պասկալ եւ Դիոդատո” կազմակերպության հետ համատեղ կազմակերպել է Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոնավաճառ:

Քաղաքապետը այցելել է ձեւավորված շուրջ 30 տաղավարներ, ծանոթացել ներկայացված ամանորյա հուշանվերներին ու զարդարանքներին:

Զրուցելով  “Պասկալ եւ Դիոդատո” կազմակերպության պատասխանատուների հետ` Տարոն Մարգարյանը նկատել է, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվող Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոնավաճառն իսկապես մեծ ոգեւորություն է առաջացրել ոչ միայն երեւանցիների, այլեւ Ամանորը Երեւանում տոնող բազմաթիվ հյուրերի շրջանում:

Քաղաքապետը նաեւ գոհունակությամբ նկատել է, որ տոնավաճառի կազմակերպումը եւս Երեւանի քաղաքապետարան-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության լավագույն օրինակներից է եւ որ այն հետզհետե դառնում է տոնական միջոցառումների բաղկացուցիչ մասը:

 

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ