Չի պատրաստվում հրաժարական տալ
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ում լսումներին հարցրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, թե ինչու է ռուսական կողմի հետ պայմանագիր կնքվել, որ հենց մինչև 2018 թվականը պետք է գազի գինն անփոփոխ մնա՝ 189 դոլար սահմանի վրա:
Նախարարը պատասխանեց, որ մինչև 2018 թվականն այս սակագինը կգործի, իսկ Մաքսային միություն մտնելուց հետո մաքսատուրքը կվերացվի: Բացի այդ Մովսիսյանը հայտարարեց, թե կարող է այնպես լինի, որ Հայաստանը չանդամակցի ՄՄ-ին, սակայն այդ դեպքում ևս գազը 189 դոլար կլինի:
՛՛Կմտնենք, չենք մտնի, մենք մինչև 2018 թվականն այս գներն ունենք: Կարող է ինչ-որ բան այն չլինի ու չմտնենք՛՛,-ասաց նա:
Մարուքյանը նաև հարցրեց, թե ինչու է գազի գինը սահմանի վրա այլ, իսկ սպառողին այլ գնով է հասնում: ՛՛Ծախսերին նայեք, ու պարզ կլինի, գազը մտնում է բարձր ճնշման տակ, ցածր ճնշում կատարելու համար համապատասխան աշխատանք է կատարվում, դրան ավելացվում է ԱԱՀ-ը, որևէ կասկած եթե լինի, նստենք ու քննարկենք՛՛,-պատասխանեց Մովսիսյանը:
Ինչ վերաբերում է ՛՛Հայռուսգազարդի՛՛ քսան տոկոս բաժնեմասի վաճառքին, ապա նախարարը վստահեցրեց, որ այդ բաժնեմասը իրենց իրավունք չէր տալիս գազի գների վրա ազդելու:
՛՛ Գազի գինն այստեղ չի որոշվում, այնտեղ է որոշվում՛՛,-շեշտեց նա:
Պատասխանելով այլ հարցերին՝ նախարարը հայտարարեց. ՛՛Ու չեմ պատրաստվում հրաժարական տալ՛՛: