Օրենքով գողերը գալիս են Երեւան. Հրապարակ
Թերթի տեղեկություններով՝ դեկտեմբերի 18- ին Հայաստան են ժամանելու բազմաթիվ քրեական հեղինակություններ, օրենքով գողեր՝ աշխարհի տարբեր երկրներից, մասնակցելու օրենքով գող Արմեն Հարությունյանի՝ Արմեն Կանեւսկոյի մահվան 7-րդ տարելիցին: Նա, հիշեցնենք, մահացել է 2010 թ. դեկտեմբերի 18-ին՝ շաքարային դիաբետից:
Արմեն Կանեւսկոյը Ռուսաստանի Կրասնոդարի մարզի ամենաազդեցիկ հեղինակություններից էր, եւ նրա մահվան տարելիցին ամեն տարի տարբեր երկրներից քրեական հեղինակություններ են ժամանում Հայաստան՝ այցելելով Երեւանում գտնվող նրա գերեզմանին: Նախնական տեղեկություններով՝ այս տարի, ի թիվս քրեական աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչների, Ռուսաստանից Հայաստան է ժամանելու նաեւ Պոդոլսկի հայտնի գող Լուչոկը (Սերգեյ Լալակին):
Ռուսաստանից բացի, քրեական հեղինակություններ կժամանեն նաեւ եվրոպական երկրներից: Նշենք, որ այժմ Հայաստանում է գտնվում Արմեն Կանեւսկոյի եղբայրը՝ Արտյոմը, որը, ըստ տեղեկությունների, Հայաստանից դուրս չի գալիս անվտանգության տեսանկյունից:
Սակայն, ասում են նաեւ, հայաստանյան քրեական հեղինակությունների հետ առանձնապես մտերմություն չի անում, նրա հիմնական «կռուգը» Ռուսաստանի գողերն են: Բայց Արմենի տարելիցին, բնականաբար, ներկա կգտնվեն նաեւ հայաստանյան ինչպես քրեաօլիգարխիկ, այնպես էլ քրեական հայտնի դեմքեր, որոնց համար սա դրսից ժամանած հեղինակությունների հետ շփվելու առիթ է:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: