Էս ինչ փողեր են ֆռֆռում. Հայկական Ժամանակ
ՀՀ կենտրոնական բանկը լավատեսորեն է նայում մեր տնտեսության աճի հեռանկարներին: Այդ լավատեսությանը հորդում է ԿԲ-ի՝ այս տարվա չորրորդ եռամսյակին վերաբերող «գնաճի հաշվետվություն» զեկույցում, որը հրապարակվեց օրերս:
Տնտեսությունը, ըստ ԿԲ-ի կանխատեսումների, աճելու է առաջիկայում: Եվ այդ աճը պայմանավորված է մի քանի գործոններով: Համաշխարհային տնտեսությունում իրավիճակը բարելավվում է: Ըստ ԿԲ-ի, բարելավվում է վիճակը նաեւ մեր հիմնական գործընկեր երկրռւմ Ռուսաստանում: Այս վերջին հանգամանքը հուշում է ԿԲ-ին, որ կավելանա արտահանումը Հայաստանից Ռուսաստան, ինչպես նաեւ կաճեն մասնավոր տրանսֆերտները այդ երկրից:
Մասնավոր տրանսֆերտների աճի սպասումները ԿԲ-ի մոտ ձեւավորվել են այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրված ցուցանիշներով: Այստեղ իրոք, որոշակի աճ կա: Անցած տարվա 9 ամիսներին տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել էր 518 միլիոն դոլար, այս տարի՝ 536 միլիոն:
Այսինքն 9 ամիսների տվյալներով աճը 3.4 տոկոս է: Դե դա այնքան էլ շոշափելի չէ, բայց կարող է հույսեր ներշնչել, որ տրանսֆերտները կայուն աճի միտումներ են դրսեւորում: Սակայն հոկտեմբերին տարօրինակ բան է տեղի ունեցել: Տրանսֆերտների զուտ ներհոսքը այդ ամսին կազմել է ընդամենը 47 միլիոն դոլար, որը 10 միլիոնով պակաս է անցած տարվա նույն ամսվա ցուցանիշից:
Եվ հենց սրա հետեւանքով մասնավոր տրանսֆերտների ծավալը 10 ամիսների կտրվածքով կազմել է ընդամենը 1.4 տոկոս: Չնչին աճ, որը կարող է կասկածի տակ դնել լավատեսական սպասումները: Ընդհանրապես, այս տարի տրանսֆերտների ծավալները ամիսների կտրվածքով խիստ տատանողական են եղել: Մի քանի ամիսների գրանցվել է կտրուկ աճ, մյուս ամիսներին կտրուկ նվազում եւ պաշտոնական որեւէ մեկնաբանություն չի հնչել, թե ինչով է դա պայմանավորված:
Հաշվի առնելով մասնավոր տրանսֆերտների ծավալների հսկայական ազդեցությունը մեր բնակչության գնողունակության եւ ընդհանրապես տնտեսության վրա, այսպիսի տատանողականությունը պետք է որ անհանգստացնի կառավարությանը: Մի ուշագրավ միտում է նկատվում վերջին տարիներին: Կտրուկ ու տարօրինակորեն աճում է տրանսֆերտների արտահոսքը Հայաստանից:
Օրինակ, եթե անցած տարվա աոաջին 10 ամիսներին Հայաստանից մասնավոր տրանսֆերտների «խողովակով» արտահոսել է 641 միլիոն դոլար, ապա այս տարի այդ ցուցանիշը հասել է 814 միլիոն դոլարի: Աճը մոտ 27 տոկոս է: Ընդ որում, Հայաստանից դեպի ԱՄՆ արտահոսքը աճել է ավելի քան երկու անգամ, անցած տարի արտահոսել էր 66 միլիոն դոլար, այս տարի ավելի քան 136 միլիոն դոլար:
Ինչ փողեր են պտտվում Ռուսաստան-Հայաստան-ԱՄՆ «մայրուղում», միանշանակորեն դժվար է ասել: Ակնհայտ է, որ ԱՄՆ գնացած այդ հսկայական գումարները ամենեւին էլ ԱՄՆ-ում բնակվող մեր բարեկամներին ֆինանսական աջակցություն չէ: Ամենայն հավանականությամբ մասնավոր տրանսֆերտների տեսքով մեր հայրենակիցները ՌԴ-ից գումարներ են հանում, որոնք հետագայում նույն կարգավիճակով հասնում են ԱՄՆ: Դա, իհարկե, կապ չունի մեր տնտեսության հետ, սակայն այս շարժը կարող է ՀՀ տնտեսության հեռանկարների վերաբերյալ թյուր կանխատեսումներ անելու հիմք դաոնալ:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: