Միայն կառավարության հրաժարականը ոչինչ չի տալու
”Այո, վայելում ենք կառավարության գործունեությունը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ”Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` հիշեցնելով ԿԳՆ Արմեն Աշոտյանի երեկվա խոսքերը, թե պետք է վայելել հայրենի կառավարության գործունեությունը:
Մարտիրոսյանը սակայն մի բանում համաձայն է ՀՀԿ փոխնախագահ Աշոտյանի հետ: ”Երբ փորձում են թիրախ դարձնել բացառապես կառավարությանը, ես դա չեմ ընդունում: Կառավարությունը միայնակ չի գործում, գործում է օրենսդիր մարմնի հետ ու դրա արդյունքն է: Ոչ միայն կառավարությունը պետք է հրաժարական տա, այլև ամբողջ Ազգային ժողովը, միայն կառավարության հրաժարականը ոչինչ չի տալու”,-ասաց նա:
Ըստ վերջինիս՝ իշխանությունների ներսում այլևս ոչ թե գործողությունների իմիտացիա է տեղի ունենում, այլ բառի բուն իմաստով խաբեություն: ”Երեկ լսում եմ՝ ինչպես է էներգետիկայի նախարարն ասում, որ Մեղրի ՀԷԿ-ի նախագիծը դեռևս պատրաստ չէ, բայց որպեսզի հասարակությանը ցույց տան, պատրանք ստեղծեն, թե իշխանությունները մեր երկրի էներգետիկ անվտանգության մասին մտածում են, նախագահական ընտրություններից առաջ պաշտոնական բացում արեցին, այն դեպքում, երբ նույնիսկ նախագիծը պատրաստ չէր, այսինքն` անցել են խաբեբայությունների”: