05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Պետք է ցանկալին տարանջատել իրականից եւ ազնիվ լինել հասարակության առաջ.Վահե Նիկոյան

Ցանկացած հուզող հարցի հրապարակային դիմելաձեւը ընտրվում է կոնկրետ դիմողի կողմից եւ դրանցից մեկը բաց նամակն է։ Ուղեւորափողադրումների վարձի ձեւավորման խնդրի լուծման համար արդեն  տեւական ժամանակ ընթացող գործընթացի հետահայաց վերլուծությունը իմ համոզմամբ չպետք է Ձեզ մղեր կատեգորիկ դիմելաոճով Երեւանի քաղաքապետին բաց նամակ հասցեագրելուն, առավել եւս խնդրի առնչությամբ կատարվող քայլերի տրամաբանության համատեքստում այն ուղղակի զավեշտալի է կոչել որպես «անհիմն ու ապօրինի մտայնություն»։

Իմ համոզմունքը խարսխված է մի քանի կարեւոր սկզբունքների վրա։

Առաջինը դա կամուրջները չայրելով խնդիրը հուզական դաշտից մասնագիտական քննարկումների դաշտ տեղափոխելն էր, քանի որ իր բնույթով թանկացումը տնտեսական երեւույթ է եւ ավելորդ հուզականության ու առավել եւս հաղթելու կամ պարտվելու հարց որպես այդպիսին չկա։ Այնուհանդերձ, եթե դա Դուք համարում եք հասարակության հաղթանակը՝ շատ լավ, քանի որ Երեւանի քաղաքապետը եւ քաղաքապետարանի աշխատակիցները այդ նույն հասարակության անդամներն են, ուրեմն դա նաեւ մեր հաղթանակն է։ Մենք համատեղ ուժերով փորձում ենք խնդիրը հնարավորինս զերծ պահել հուզական եւ քաղաքական ուղղվածությունից, այն դարձնելով քննարկման համար բոլորին հասանելի եւ առավել թափանցիկ։

Ահա այդ տրամաբանությամբ էր, որ Երեւանի քաղաքապետի համապատասխան որոշումով ձեւավորվեց Երեւանի ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձի ձեւավորման եւ կիրառման մեխանիզմների քննարկման հանձնաժողով, որի առաջին իսկ նիստում եւ ապա Ձեր ակտիվ մասնակցությամբ լրատվական եւ տեղեկատվական միջոցներով հստակեցվեց ստեղծվող հանձնաժողովի առաքելությունն ու նպատակը, մանրամասն ներկայացվեց սկսված գործընթացի փուլերը։ Այսինքն սկսվեց գործընթաց, որի մասնակիցն է նաեւ հասարակությունը, քանի որ հանձնաժողովի կազմի ձեւավորման համար ի սկզբանե ուղղակի հրավերներ ուղարկվեցին խնդրի վերաբերյալ շահագրգիռ վարքագիծ ցուցաբերած անձանց, մասնագետներին, այլ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց՝ չդնելով որեւէ քանակային սահմանափակում կամ չափորոշիչ։ Եվ այս պարագայում հանձնաժողովի ձեւավորման կարեւոր սկզբունքը՝ դա խնդրով շահագրգիռ բնակչության եւ քաղաքացիական հասարակության լայն շերտերի ընդգրկումն էր այս գործընթացին։

Ինչու՞ եմ այս ամենը կրկին ներկայացնում։ Ուղղակի ցանկանում եմ որ Ձեզ համար պարզ դառնա այն կարեւոր սկզբունքը, որը մեր կողմից ընտրվեց որպես հիմնաքար։

Հանձնաժողովը սկսել է կատարել իր առաքելությունը, արդեն հանձնաժողովի անդամներին, իսկ Ձեր մասնագիտական աշխատանքի շնորհիվ նաեւ հանրությանը ներկայացվել են նոր ընտրված եւ ընդունված չափորոշիչների արդյունքում ձեւավորվող նոր արժեհաշվարկի հիմնական ցուցանիշները։ Այժմ միջազգային եւ տեղական մասնագետների խորհրդատվությամբ ակտիվորեն աշխատանքներ են ընթանում ուղեւորահոսքի առավել հստակ եւ ամբողջական ցուցանիշներ ունենալու ուղղությամբ։ Ասեմ Ձեզ, որ այս ընթացքում Երեւանի քաղաքապետարանը եւ հանձնաժողովը ակտիվ քննարկումներ են իրականացնում ինչպես հանձնաժողովի ներսում, այնպես էլ լրատվական (ներառյալ էլեկտրոնային) տիրույթում, ձգտելով հնարավորինս ապահովել գործընթացի թափանցիկությունն ու խնդրի առնչությամբ մտահոգ ցանկացած անհատի, լրատվամիջոցի կամ կազմակերպության հետ հետադարձ կապը։

Երկրորդ սկզբունքը դա ոլորտի կանոնակարգման անհրաժեշտության հիմնավորումը մատչելի ձեւով հասարակությանը մատուցելու խնդիրն էր։ Ի վերջո խոսքը վերաբերվում է ոչ միայն ուղղակի ուղեւորափոխադրմանը, այլ նախ եւ առաջ դրա անվտանգության ապահովմանը եւ ապա նաեւ որակական առաջընթացին։ Այս դեպքում արդեն պետք է ազնիվ լինել մեր հասարակության առաջ եւ ցանկալին իրականից տարանջատել, քանի որ խնդիրը նախ եւ առաջ ուղեւոր բնակչի անվտանգ երթեւեկուությանն է առնչվում։ Չընդունել եւ չհասկանալ այս պարզ ճշմարտությունը, նշանակում է ուղղակի վտանգել բնակչի կյանքը։ Ձեր մատնանշած օրենքում թվարկված օբյեկտիվ պատճառները ոչ միայն առկա են, այլեւ շատ ոլորտներում տեսանելի ներազդած։ Մաժամանակ, ոլորտի աշխատանքների կազմակերպման կանոնակարգման համատեքստում ուղեվարձի իրատեսական ինքնարժեքը անհրաժեշտ է նաեւ այն պարզ պատճառով, քանի որ ներկայումս Երեւանի քաղաքապետարանի կողմից անցկացվում է ավտոբուսների եւ միկրոավտոբուսների թափուր երթուղիների մրցույթ ու այս պարագայում արդեն անհնար է հաշվի չառնել այսօրվա գնագոյացման միտումները։ Համոզված եմ որ Դուք տեղեկացված եք, որ թվով 24 երթուղիներում արդեն ամիսներ շարունակ մրցույթները չեն կայանում եւ դա ինքնին խոսում է ոլորտում չկանոնակարգած խնդիրների առկայության մասին։ Արդեն առկա է նաեւ ուղեւորափոխադրում իրականացնող կազմակերպությունների կողմից սպասարկվող երթուղիներից հրաժարվելու միտում, ինչը վերագրել  շանտաժի փորձերի կամ աշխատանքների խափանման մտադրության, նշանակում է տնտեսական հարցը ուղղակի հուզականով ծխածածկել եւ չտեսնելու տալ  հիմնախնդրի լրջությունը։

Եվ վերջապես երրորդ սկզբունքը դա նոր ձեւավորվող ուղեւարձի սահմանման դեպքում հասարակության խոցելի խմբերի համար նախատեսվող արտոնությունների տրամադրման մեխանիզմի մշակումն է, որը հնարավոր չէ իրականացնել մինչեւ չճշգրտվի այն ինքնարժեքը, որն անհրաժեշտ է մեկ ուղեւոր փոխադրելու համար։

Այս երեք սկզբունքներն էլ հիմնավոր են եւ իրականացվող գործընթացում հստակ պահպանվում են՝ փոխլրացնելով մեկը մյուսին։ Այս պարագայում Ձեր խնդիրը հնարավորինս օժանդակելն է վստահության կամուրջների կառուցմանը եւ այստեղ ինչ խոսք Ձեր մասնագիտական ներուժը անգնահատելի է։

Փորձենք ազնիվ լինել միմյանց նկատմամբ։ Հանձնաժողովի կողմից ներկայացված հաշվարկներին մինչ օրս որեւէ մեկի կողմից այլընտրանքային այլ հաշվարկ չի ներկայացվել։ Եղել են ամպագոռգոռ հայտարարություններ եւ ասվել են ականջահաճո թվեր, կատարվել են մեր հաշվարկների յուրօրինակ վերլուծություններ, սակայն դրանցից որեւէ մեկի համար մասնագիտական հիմք (աղբյուր) կամ հիմնավորում չի ներկայացվել։ Հանձնաժողովը ցանկությունների եւ տեսլականների քննարկման առաքելություն չունի, այն գործնական աշխատանքային մասնագիտական գործառույթ է իրականացնում։ Սա է իրողությունը։ Ինչ վերաբերվում է հանձնաժողովի կողմից վերջնական հաշվարկների արդյունքների քվեարկությամբ հաստատմանը, ապա մասնագիտական հիմնավորումներով հաշվարկները քվեարկությամբ չեն կարող դառնալ սխալ կամ ճիշտ եւ նրանց ճշմարտացիությունը քվեարկության արդյունքներով չի կանխորոշվում։ Դա ուղղակի ընթացակարգ է։

Առաջարկում եմ Ձեզ, Ձեր մասնագիտական որակները օգտագործելով փորձել գտնել նրանց, ովքեր պատշաճ հիմնավորումներով եւ աղբյուրների հղումով կներկայացնեն այլընտրանքային հաշվարկներ, հրապարեկեք դրանք Ձեր լրատվամիջոցներում, առողջ բանավեճի մշակույթ սերմանեք եւ հավատացնում եմ Ձեզ, որ դրանով իրապես գործնականում կօգնեք մեզ այս խնդրի կանոնակարգման ճանապարհին։ Մենք աշխատում ենք բաց եւ թափանցիկ։ Հանձնաժողովը հարթակ է մասնագիտական բանավեճի եւ քննարկումների համար, օգտագործեք այն ի նպաստ բոլորի։

Ինչ վերաբերվում է Երեւանի քաղաքապետի արտահայտած անձնական կարծիքին, ապա խնդրում եմ Ձեզ նրա խոսքերը ենթատեքստից չառանձնացնել։ Երեւանի քաղաքապետը շեշտել է, որ հանձնաժողովն աշխատում է, իրականացվում են մասնագիտական հիմնավոր հաշվարկներ եւ արտահայտել է միտք, որ այսօրվա իրողության մեջ առանց ուղեվարձի փոփոխության ավելի լավ ծառայություն մատուցել ուղղակի  հնարավոր չէ։ Եվ դա փաստ է, քանի որ ներկայումս՝ իրերի այս դասավորության պարագայում, Երեւանի քաղաքապետարանի առջեւ դրված առաջնային խնդիրը ոլորտի գործունեության տարրական կենսաապահովումն է։

Անկախ ամեն ինչից մենք շարժվում ենք իրատեսական եւ իրողությունները  սթափ գնահատելու ճանապարհով։ Խնդիրը մեզ համար փոխշաղկապված է երկու որոշիչներով՝ անվտանգություն եւ որակ։ Այս համատեքստում է, որ փորձելու ենք հաղթահարելով հուզականությունը ոլորտի զարգացման վաղվա տեսլականի ուղենիշով ընթանալ առաջ։

Եկեք փորձենք համատեղ ուժերով շարժվել առաջ, նպաստենք խնդրի փոխշահավետ եւ արդարացի լուծմանը։ Այդպիսի աշխատաոճը իմ կարծիքով եւ ավելի արդյունավետ կլինի եւ առավել պատվաբեր։

 

 

 

Հարգանքով՝

Ներքաղաքայինուղեւորափոխադրումների

վարձիքննարկմաննպատակովստեղծված

հանձնաժողովինախագահ                                                                    Վահե Նիկոյան

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ